Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Հովհաննես Սարուխանյան

Բժշկ.գ.դ.

   Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1964թ. հոկտեմբերի 24-ին Երևանում, հայտնի բժիշկների ընտանիքում: Հայրը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժն էր: Մայրը՝ Սվետլանա Հարությունովան, նույնպես բժիշկ էր:
   Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչն է: Հովհաննես Սարուխանյանը 1981թ. ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան և 1987թ. բարձր առաջադիմությամբ ավարտել մանկաբուժության ֆակուլտետը:
   Մեկ տարի ինտերնատուրայում սովորելուց հետո՝ 1988թ. գործուղվել է Լենինականի (Գյումրի) թիվ 2 մանկական հիվանդանոց և աշխատել բժիշկ-վիրաբույժ մինչև 1991թ.: 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին նա նշանակվեց Լենինականի բուժկետի կազմակերպման պատասխանատու, որտեղ իրականացվում էր բժշկական շտապօգնություն և տուժածների տարհանում վտանգավոր օջախից:
   Հովհաննես Սարուխանյանը 1988թ. ընդգրկվեց  «Էրեբունի» հիվանդանոցում ստեղծված երկրաշարժից տուժած երեխաների բժշկական օգնության կենտրոնի՝  երկարատև ճնշման համախտանիշով (կլաշ-համախտանիշ) և նրա բարդություններով հիվանդների բուժմամբ զբաղվող գիտական խմբում: Այս գիտական խմբում աշխատելու ժամանակ ձեռք բերած ողջ գիտելիքները հիմք հանդիսացան Հ. Սարուխանյանի հետագա գիտական գործունեության համար:
   1989-1992թթ. Սարուխանյանը Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի լազերային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնում հայցորդ էր: 1992թ. հրատարակեց «Тактика хирургического лечения больных с Краш-Синдромом», «Лечение гнойных ран у детей с Краш-Синдромом» մեթոդական աշխատանքները. 1992 թ. պաշտպանեց գիտական ատենախոսություն «ИК-лазерное излучение и поли ферментные перевязочные материалы в лечении гнойных ран у больных с Краш-Синдромом» թեմայով և ստացավ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
   1991թ. նա Լենինականից տեղափոխվեց Երևանի մանկական կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ իբրև վիրաբույժ-օրդինատոր: Գիտական աշխատանքներին զուգահեռ նա իր փորձն էր ներդնում նաև վիրաբուժության ոլորտում:
   1994թ. նա վերապատրաստման գործուղվեց Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (ՌԴ ԲԳԱ) գիտական հետազոտական ինստիտուտի մանկական պլանային վիրաբուժության բաժին: Նույն տարում էլ ընդունվեց ՌԴ ԲԳԱ մանկաբուժության գիտական հետազոտական ինստիտուտի դոկտորանտուրա՝ «մանկական վիրաբուժություն» մասնագիտությամբ: Այդ շրջանում նա իրականացրել է խորքային գիտահետազոտական աշխատանքներ, որը և դարձավ նրա դոկտորական աշխատանքը: Այն վերնագրված էր «Функционалные нарушения моторики толстой кишки и их лечение у детей»: Դոկտորականը փայլուն պաշտպանելուց հետո նա վերադառնում է Հայաստան և շարունակում աշխատել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնում, որպես դոցենտ:
   Հովհաննես Սարուխանյանը 1999-2000թթ. գործուղվեց ՌԴ Սուրբ Վլադիմիրիանվան թիվ 2-րդ մանկական կլինիկական հիվանդանոց՝ մասնագիտանալով մանկական էնդոսկոպիկ վիրաբուժության մեջ: Նրա աշխատանքը բարձր է գնահատվել պրոֆեսոր Ա. Ի. Լենյուշկինի և պրոֆեսոր Ռ. Պ. Նառցիսովի կողմից, որոնք էլ երաշխավորեցին Հ. Սարուխանյանին, որպեսզի նա աշխատանքի անցնի ՌԴԲԳԱ երեխաների առողջության գիտական կենտրոնում՝ առաջատար գիտաշխատողիհաստիքով: Մեկ տարի անց նա տեղափոխվեց պրոֆեսոր Լ. Մ. Ռոշալի գլխավորած անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության բաժին: 2000 թվականից նա միաժամանակ եղել է «Ինպրոմեդ» բժշկական ընկերության տնօրեն, 2004 թվականից՝ անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ փոխտնօրեն: 2003թ. Հ. Սարուխանյանը ներգրավվեց «Երեխաները արտակարգ իրավիճակներում» թեմայով միջազգային ֆորումի կազմկոմիտեի մեջ և արդեն հաջորդ տարի՝ 2004թ. նա դարձավ Աղետների և պատերազմների ժամանակ երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահը: 2004թ. Հովհաննես Սարուխանյանը համատեղության կարգով կատարել է Մոսկվայի առողջապահության բաժանմունքի անհետաձգելի մանկական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը:Սարուխանյանն իր բազմազբաղ օրակարգում միշտ էլ տեղ էր հատկացնում գիտական գործունեությանը և իր փորձով կիսվում գիտաժողովների, ֆորումների, տեսական և գործնական կոնֆերանսների ժամանակ:
   Հ. Սարուխանյանը 80-ից ավելի գիտական աշխատանքների, մի շարք մենագրությունների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է և ունի 3 հայտնագործության հեղինակային իրավունքի վկայական:
   Նրա համահեղինակությամբ հայերեն լեզվով հրապարակվել է «Երեխաների ողնաշարային վնասվածքների մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիա» գիրքը: Նա տիրապետում է օպերատիվ լապարասկոպիայի, տոռակոսկոպիայի մեթոդին և պլանային վիրահատությանը: Հովհաննես Սարուխանյան կրտսերը երկու տասնամյակից ավել է, ինչ բնակվում է Մոսկվայում, սակայն առիթը բաց չի թողնում տարին մի քանի անգամ հայրենիքում լինելու համար: Փորձառու մանկաբույժը խոստովանում է, որ ինչպես շատ բժշկական ընտանիքներում, ինքն ու եղբայրը նույնպես, կարծես, այլընտրանք չունեին և բժիշկդառնալու որոշումը կայացրել են ինքնաբերաբար, բայց՝ գիտակցված:
   Հովհաննես Սարուխանյան կրտսերի երեխաները բժշկի մասնագիտություն չեն ընտրել, և հենց այդ է պատճառը, որ նրա մեծագույն ցանկությունն է, որ առաջիկայում թոռները դառնան Սարուխանյանների բժշկական գերդաստանի արժանի շարունակողները:
   Հաշվի առնելով Հովհաննես Սարուխանյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը և Հայաստանի գիտական կառույցների հետ սերտ համագործակցության բարձր ակտիվությունը՝ 2008թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:
   Այսօր էլ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյանը համագործակցում է ՀՀ առողջապահության ոլորտի հետ, կիսվում իր գիտելիքներով, իրականացնում փորձի փոխանակում:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար