Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյանը ծնվել է 1965 թվականին՝ Երևանում, հայտնի ֆիզիկոսների ընտանիքում: Հայրը՝ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի պրոֆ. Դավիթ Սեդրակյանն է: Բնականաբար, երիտասարդ Արմենի վրա ազդել է այն մթնոլորտը, որ տիրում էր տանը, թեպետ նրան միշտ զգուշացվել է, որ նրան սպասվում է ծանր աշխատանք, «նստակյացություն», համբերատարություն, կամքի մեծ լարում և անդադար աշխատանք:
Սակայն դպրոցական տարիներին մաթեմատիկան և ֆիզիկան հեշտ էին տրվումԱրմենին, և շատ բնական եղավ այդ ընտրությունը՝ անկախ ծնողների ցանկությունից:Արմեն Սեդրակյանն ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը: Ֆիզիկայի նկատմամբ հետքրքրությունն առաջացավ 8-րդ դասարանից: Դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Առաջին կուրսն ավարտեց գերազանցությամբ: 1983 թվականի ամռանը նա զորակոչվեց բանակ՝ զինվորական ծառայության (այդ ժամանակ դա պարտադիր էր 18 տարեկանը լրացած ուսանողների համար): Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո Արմեն Սեդրակյանը շարունակեց կրթությունը ԵՊՀ-ի նույն ֆակուլտետում:
1987թ. կուրսի լավագույն ուսանողներից 3-ին գործուղեցին Գերմանիա՝ շարունակելու իրենց կրթությունը: Արմեն Սեդրակյանը 1989թ. գերազանցությամբ ավարտեց Ռոստոկի համալսարանը: Ուսումը տեսական ֆիզիկայի ամբիոնում դժվար և միևնույն ժամանակ հետաքրքիր էր, և այդ էր հիմնական պատճառը, որ այդուղղությունը նա ընտրեց՝ իբրև իր հիմնական մասնագիտություն: Այդ տարիները, ըստ նրա, հետաքրքիր էին ինչպես գիտական և ուսումնական առումով, այնպես էլ նոր լեզվի (գերմաներեն) տիրապետելու և ԳԴՀ-ին ծանոթանալու իմաստով: Հայաստան վերադառնալուց հետո Արմեն Սեդրակյանն ընդունվեց ասպիրանտուրա՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տեսական բաժնում, որը ղեկավարվում էր Վիկտոր Համբարձումյանի կողմից: Այդ տարիներին նա գրեց իր թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված էր նեյտրոնային աստղերի ֆիզիկային, որը և պաշտպանեց 1992թ.:
Արմեն Սեդրակյանը ցավով է հիշում, որ իր պաշտպանությունը համընկավ մեր հայրենիքում արմատական և գիտության համար ոչ բարենպաստ հայտնի փոփոխությունների հետ: Նա ստիպված էր իր գիտական գործունեությունը շարունակել արտերկրում: Նրա նպատակն էր հետաքրքիր և կարևոր աշխատանքներ անել աստղաֆիզիկայում և միջուկային ֆիզիկայում, և իր համոզմամբ, նրան հաջողվել է կատարել իր առջև դրած ծրագրերը:
Նա աշխատել է աշխարհի տարբեր երկրներում և ինստիտուտներում, ինչն էլ նպաստել է ծանոթանալու տարբեր երկրներում առկա գիտական նորություններին: Օրինակ՝ 1993-95թթ. նա աշխատանքի անցավ Գերմանիայի Միջուկային Ֆիզիկայի Մաքս-Պլանկի համալսարանում, իսկ 1996-98թթ. տեղափոխվեց Միացյալ Նահանգների Կորնելիի համալսարան, 1998-2001թթ. Արմեն Սեդրակյանն արդեն աշխատում էր Հոլանդիայի Գրոնինգենի համալսարանում, իսկ 2002թ.-ից մինչև օրս աշխատում է Գերմանիայում:
2002թ. Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում Արմեն Սեդրակյանը պաշտպանեց «Compact stars: Aspects of nuclear and particle physics» թեմայով դոկտորական ատենախոսությունը:
Արմեն Սեդրակյանը մոտ 120 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրված են համաշխարային ճանաչում ունեցող գիտական ամսագրերում:Որպես ֆիզիկոս նա համարում է, որ իր աշխատանքների ուղղությունները բազմազան են՝ աշխատանքներ աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, քվանտային խրոմոդինամիկայի, սառը ատոմների ֆիզիկայի ոլորտներում: Նա այս տարիների ընթացքում համագործակցել է տարբեր երկրների մեծ ճանաչում ունեցող գիտնականների հետ և ունի համագործակցության լայն կապեր:
Այս ամենով հանդերձ, Արմեն Սեդրակյանը չի մոռանում համագործակցությունը մայր Հայաստանի գիտական շրջանակների հետ: Սկսած 2008թ.-ից՝ նրա ջանքերով կազմակերպվում են գիտաժողովներ Երևանում՝ ԵՄՀ-ի տեսական ամբիոնի աշխատակիցների հետ միասին: Առաջին գիտաժողովը՝ նվիրված էր Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին: Քանի որ այդ գիտաժողովը շատ մեծ հաջողություն արձանագրեց, որոշվեց շարունակական կոնֆերանսներ կազմակերպել «Կոմպակտ աստղերի ժամանակակից ֆիզիկա և ռելատիվիսիկ գրավիտացիա» թեմայով ամեն երկու տարին մեկ անգամ: Արդեն կազմակերպել են 5 գիտաժողով այդ թեմայով և հրատարակել կոնֆերանսի նյութերի մի քանի ժողովածու: Վերջին գիտաժողովը Երևանում տեղի ունեցավ 2015թ.: Նրա անմիջական ջանքերով կազմակերպվել է համագործակցություն (2011-2014-ին) ԵՊՀ-ի մի շարք գիտնականների և Ֆրանկֆուրտի համալսարանի խմբի միջև, որը ֆինանսավորվում էր Ֆոլկսվագենի հիմնադրամը (Հաննովեր, Գերմանիա): Հանգամանքները թույլ տվեցին ինտենսիվ համագործակցություն ծավալել և՛ Երևանում, և՛ Ֆրանկֆուրտում:
Արմեն Սեդրակյանը մի քանի տարի նաև դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ի մագիստրոս-ուսանողների համար, կիսվել իր հարուստ գիտական փորձով:Հաշվի առնելով Արմեն Սեդրակյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Վերջին 20 տարիներին Արմեն Սեդրակյանն աշխատել է Գերմանիայում, առաջին 5 տարիները՝ Տյուբինգենում, այնուհետև՝ Ֆրանկֆուրտ-Մայնում: 2018թ-ից նա ինչ-որ չափով վերադարձել է Բյուրական՝ որպես «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի վարիչ, հեռավար համագործակցում է իր կոլեգաների հետ:
Արմեն Սեդրակյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար