Ընդհանուր տեղեկություններ
Պատմությունը
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) հիմնադրվել է 1966թ.-ին` Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով: XXդ. ընթացքում ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները զգալի ներդրում են ունեցել նուկլեինաթթուների, սպիտակուցների, բջիջների և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման հարցերում:
Մարդկային ներուժը և ենթակառուցվածքը
Ինստիտուտում աշխատում է 130 աշխատակից, որոնց թվում` 15 գիտության դոկտորներ և 53 գիտության թեկնածուներ: ՄԿԻ աշխատակազմի մեջ մտնում են 18 գիտահետազոտական (1 բաժին, 11 լաբորատորիա և 7 խմբեր) և 3 գիտակրթական ենթաբաժիններ: ՄԿԻ-ում գործում են` գիտական խորհուրդը, երիտասարդ գիտնականների խորհուրդը և էթիկայի կոմիտեն: ՄԿԻ-ի ծառայողական և սպասարկող ենթամիավորներն են` գրադարանը, մարդու ԴՆԹ-երի նմուշների բանկը, բջջային գծերի հավաքածուն, կենդանանոցը և համակարգչային տեղային ցանցը:
Գործունեության հիմնական ոլորտներ
Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները հիմնականում ուղղված են բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում` ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ դրանց խանգարումների պարզաբանմանը: Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico` գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներով: Առանձնահատուկ ուշադրություն է դաևձվում իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին: Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութեր և համակարգչային մոդելներ: ՄԿԻ-ում իրականացվող հետազոտությունների կարևորագույն խնդիրը հայկական գենոմի ուսումնասիրությունն է` պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունոգենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառությամբ:
Հիմնական արդյունքներ
Հետազոտությունների արդյունքների հիմնարար և կիրառական արժեքը
ՄԿԻ-ում իրականացվող ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզաբանել մի շարք բազմագործոն բնույթի պոլիգենային հիվանդությունների մոլեկուլաբջջային պաթոմեխանիզմները, նույնակայնացնել հիվանդությունների մոլեկուլային կենսամարկերները և թերապևտիկ թիրախները, ինչպես նաև հայտնաբերել թերապևտիկ արժեք ունեցող նոր ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր: Հետազոտությունների արդյունքների կիրառման ոլորտը ներառում է հիվանդությունների մոլեկուլային ախտորոշումը, կանխորոշումը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև հիվանդության ընթացքի վերահսկումը և կիրառվող թերապիայի արդյունավետության գնահատումը: Վերոհիշյալ ոլորտներում ՄԿԻ-ն ունի մի շարք մշակումներ և հանդիսանում է համապատասխան արտոնագրերի սեփականատեր:
Գիտական արտադրանքը և կիրառական մշակումները
ՄԿԻ վերջին տարիների (2007-2013թթ.) գիտական արտադրանքը ներառում է 24 գրքեր, 216 հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 172 հոդվածներ հայաստանյան ամսագրերում, 162 հրապարակումներ միջազգային գիտաժողովների նյութերում, 196 հրապարակումներ Հայաստանում անցկացված գիտաժողովների նյութերում և 12 արտոնագրեր: ՄԿԻ գիտնականների կողմից մշակվել են ժամանակակից թեսթ-համակարգեր՝ շիզոֆրենիայի և գերհոգնածության ախտանիշի մոլեկուլային ախտորոշման համար, նորարարական մոտեցումներ տարբեր տիպի լեյկոզների և ուռուցքների քիմիաթերապիայի անհատական կուրսի ընտրության համար, նոր հակավիրուսային պատրաստուկ դաբաղի և Նյու-Կասլի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար ու մի շարք այլ արտադրանքներ:
Միջազգային գործունեություն
ՄԿԻ-ն ինտեգրված է միջազգային գիտական համակարգի մեջ և սերտորեն համագործակցում է մի շարք արտասահմանյան գիտական կենտրոնների և համալսարանների հետ: Համագործակցությունն իրագործվում է համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, դպրոցների և սեմինարների կազմակերպման մակարդակով: Վերջին տարիների ընթացքում (2007-2013թթ.) ՄԿԻ-ի գիտաշխատողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել միջազգային գիտաժողովներում և նմանատիպ միջոցառումներում: Այդ իսկ տարիների ընթացքում (2007-2013թթ.) միջազգային գիտաժողովներում ներկայացվել է 132 բանավոր զեկույց և 86 պաստառ, իսկ ՄԿԻ-ի 18 աշխատակիցներ դարձել են լավագույն զեկույցների մրցանակակիրներ: Ի հավելում պետք է նշել, որ ՄԿԻ-ը հանդիսանում է Հայաստանում բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու գիտական միջոցառումների կազմակերպիչ: 2007-ից 2013 թթ-ի ընթացքում ՄԿԻ-ում կազմակերպվել ու անցկացվել են 6 միջազգային գիտաժողովներ, 1 սեմինար և 2 միջազգային դպրոցներ:
Հավելյալ տեղեկություններ
Ֆինանսավորման աղբյուրները և հետազոտական դրամաշնորհները
ՄԿԻ հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է պետբյուջեյի միջոցներից: Բացի այդ, ՄԿԻ գիտաշխատողներն ինստիտուտի գիտական ուղղվածության շրջանակներում ներգրավված են մի շարք ծրագրերի մեջ, որոնք իրականացվում են մրցութային կարգով տրվող ազգային կամ միջազգային դրամաշնորհների միջոցով: Սկսած 2000թ.-ից այդպիսի ծրագրերի ընդհանուր թիվը կազմում է 89:
Գործընկեր կազմակերպությունները Հայաստանում
Հայաստանում ՄԿԻ-ն համագործակցում է հանրապետության գլխավոր համալսարանների, ՀՀ ԱՆ գիտաբժշկական կենտրոնների, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Համագործակցությունն իրագործվում է գիտատեխնիկական համագործակցության պայմանագրերի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման, համատեղ լաբորատորիաների և ամբիոնների ստեղծման և համատեղ գիտաժողովների, դպրոցների ու սեմինարների կազմակերպման և անցկացման մակարդակով: ՄԿԻ-ն հանդիսանում է Կենսաբանական հոգեբուժության հայկական միավորման, Մոլեկուլաբջջային կենսաբանության ու իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի հիմնադիր և Հայկական կենսատեխնոլոգիական ասոցիացիայի, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի և Հայաստանի «Technology Transfer» ասոցիացիայի անդամ, ինչպես նաև GARA-ի (Խոզերի Աֆրիկական Ժանտախտի Հետազոտությունների Համաշխարհային Միության) գործընկեր:
|