Ընդհանուր տեղեկություններ
Ինստիտուտն ունի հետևյալ կառուցվածքը.
- Բույսերի սննդառության և արդյունավետության լաբորատորիա - Հյուսվածքային մշակույթի լաբորատորիա - Ռադիացիոն ագրոքիմիայի լաբորատորիա - Հիդրոպոնիկական փորձարարական կայան - Էջմիածնի գիտա-արդյունաբերական հիդրոպոնիկական բազա - «Դարման» ՍՊԸ
Գործունեության հիմնական ոլորտներ
Արդյունաբերական եղանակով բույսերի անհող արտադրություն, որի հիմնական ուղղություններն են.
- Մի շարք արժեքավոր, փոքրածավալ, հազվագյուտ և անհետացող դեղատու, եթերայուղատու, ներկատու և ծառաթփային մշակաբույսերի հիդրոպոնիկ աճեցման գիտական հիմունքների և արտադրության կենսատեխնոլոգիայի մշակում: - Ուսումնասիրվող մշակաբույսերի ֆիզիոլոգիական (ջրային ռեժիմ, ֆոտոսինթեզի և տրանսպիրացիայի ինտենսիվություն և արդյունավետություն, ֆոտոսինթեզող գունանյութերի պարունակություն և այլն), կենսաքիմիական և դեղաքիմիական (կենսաբանորեն ակտիվ և երկրորդային ծագում ունեցող միացությունների կենսասինթեզը և այլն) և ռադիոքիմիական (բնական և արհեստական ռադիոնուկլիդների ու ծանր մետաղների պարունակություն) և այլ առանձնահատկությունների համակողմանի ուսումնասիրում անհող մշակույթի պայմաններում: - Միկրոկլոնալ և հիդրոպոնիկ համակցված եղանակով գյուղատնտեսական և այլ արժեքավոր բույսերի (հինա, բասմա, մեխակ, խորդենի, լոշտակ) տնկանյութի արտադրության կենսատեխնոլոգիաների մշակում: - Պոլիմերային թաղանթի (ջրաշիթային հիդրոպոնիկա) կիրառմամբ նոր համակարգի փորձարկում, որը 5-6 անգամ էժանացնում է 1 հա հիդրոպոնիկումի կառուցման ծախսերը: - Արժեքավոր ադապտագեն հատկություններով օժտված, հազվագյուտ և անհետացող դեղաբույսերի Հայաստան ներմուծման և հիդրոպոնիկայի պայմաններում ուսումնասիրման աշխատանքներ:
Հիմնական արդյունքներ
Մշակված և պատրաստ են ներդրման մի շարք (շուրջ 70) թանկարժեք և փոքրատոննաժ մշակաբույսերի անհող արտադրության կենսատեխնոլոգիաները, համակողմանիորեն հետազոտված են նրանց արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգա-կենսաքիմիական և ագրոքիմիական հիմունքները, դուրս են բերվել որոշ դեղատու (առյուծագի, երիցուկ, կատվալեզու և այլն), եթերայուղատու (դաղձ, կիտրոնային սորգո և այլն) և ներկատու (հինա, բասմա) մշակաբույսերի արդյունավետության բարձրացման մաթեմատիկական մոդելները: Բազմամյա ուսումնասիրությունները ապացուցել են արմատային սնուցման և արտաքին միջավայրի գործոնների կագավորվող պայմաններում բույսերի հիդրոպոնիկ արտադրության բարձր արդյունավետությունը: Ջրի, սննդանյութերի և օդի օպտիմալ և միաժամանակյա անխափան մատակարարման պայմաններում բույսերում տեղի են ունենում որոշակի ֆիզիոլոգա-անատոմիական և կենսաքիմիական փոփոխություններ, մեծանում է ֆոտոսինթեզի արդյունավետությունը, ֆոտոսինթետիկ գունանյութերի, վիտամինների, եթերայուղերի, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի պարունակությունը: Այս նոր պայմաններում հիդրոպոնիկ բույսերը աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ՝ էկոլոգիապես մաքուր ու որակյալ բուսահումքի կուտակմամբ, սովորական երկրագործության համեմատությամբ միավոր մակերեսից 3-5 անգամ ավելանում է նրանց բերքատվությունը, զգալիորեն (40-50%) կրճատվում է ջրի և աշխատանքային ծախսերը 1տ բերքի վրա, մեծանում է արեգակնային էներգիայի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ), իսպառ վերանում են մի շարք ծանր աշխատանքներ:
Միջազգային գործունեություն
Ինստիտուտը միջազգային լայն կապերի մեջ է «Բույսերի անհող մշակույթի միջազգային միության» (Հոլանդիա), Ամերիկայի հիդրոպոնիկայի միության, ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական հետազոտական սերվիզի, Ազգային կլոնալ սաղմնապլազմային շտեմարանի, «Այգեգործական գիտությունների միջազգային միության» (Բելգիա), Եվրոպայի բանջարեղենի հետազոտության և մշակումների կենտրոնի (Բելգիա), Այգեգործության տեսչության Բեռլինի Հումբոլդի համալսարանի, Մյունխենի տեխնիկական և Արգենտինայի պետական բժշկական համալսարանների, Իսրայելի Տեխնոլոգիական քոլեջի, ՌԴ ԳԱ Բույսերի ֆիզիոլոգիայի (Մոսկվա), Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի (Իրկուտսկ), Պարազիտոլոգիայի, Դեղատու և արոմատիկ բույսերի, Ագրոֆիզիկայի, Սիմֆերոպոլի Եթերայուղատու և դեղատու բույսերի, Տաջիկստանի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի ինստիտուտների, Իրկուտսկի Բուսաբանական այգու հետ և այլն:
Հավելյալ տեղեկություններ
Ինստիտուտի Էջմիածնի գիտա-արդյունաբերական 2,3 հա ընդհանուր կամ 1,0 հա սնուցվող մակերեսով հիդրոպոնիկական բազայի հիման վրա ստեղծվել է «Դարման» ՍՊԸ-ն, որտեղ ներդրվում են ինստիտուտում մշակված հիդրոպոնիկ կենսատեխնոլոգիաները՝ թանկարժեք, հազվագյուտ և մեծ պահանջարկ ունեցող դեղատու, եթերայուղատու, ներկատու, տեխնիկական և այլ մշակաբույսերի անհող արտադրության ուղղությամբ: Էջմիածնի բազայի տարեկան արտադրական հզորությունը` չոր բուսահումքի հաշվով, կազմում է շուրջ 15-20 տոննա:
Դեղաբույսեր. ա) բուժիչ թեյեր (դաղձ բժշկական-Mentha L., կատվադաղձ-Nepeta L., պատրինջ-Melissa L. և այլն), տարեկան 12-15 տ` չոր դեղահումքի հաշվով; բ) թուրմեր (առյուծագի-Leonorus L., կատվալեզու-Bidens L., եղեսպակ-Salvia L. և այլն), տարեկան 15-18 տ` չոր դեղահումքի հաշվով; գ) դեղահյութեր (կալանխոե-Kalanchoe Lam., ալոէ- Aloe Mill. և այլն), տարեկան 100-150 տ` վերերկրյա թարմ զանգվածի հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք դեղագործական ընկերությունների հետ:
Բուրումնավետ և համեմունքային բույսեր. (կիտրոնային սորգո-Cymbopogon citratus Stapf., անիս-Pimpinella anisum L., քեմոն-Foeniculum vulgare Mill., բուրավետ ռեհան-Ocimum basilicum L., կիտրոնային ռեհան-Ocimum basilicum Hochst. var. citroli, համեմ-Coriandrum L., ծիթրոն-Satureja L. և այլն), տարեկան 10-15 տ` չոր հումքի հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ:
Ծառաթփատեսակների տնկիներ. ա) ծառատեսակներ (կաղնի-Quercus L., սոսի-Platanus L., գլեդիչիա-Gleditschia L., կենսածառ (բրգաձև և սովորական)-Thuja L. և այլն)` 120000 – 150000 հատ; բ) թփատեսակներ (սրնգենի-Ligustrum L., ճապկի-Cornus L., ասպիրակ-Spiraea L., ֆորզիցիա-Forsythia L., հասմիկ-Jasminum L. և այլն)` տարեկան 1,0 – 1,2 մլն հատ: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ:
Խաղողի արմատակալներ. (այդ թվում նաև հազվագյուտ և դժվար արմատակալվող սորտերի)` տարեկան 300 000 - 400 000 հատ: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Հիդրոպոնիկ տիպային (մոդուլային) տնտեսության կազմակերպում (5-10հա մակերեսով) Արարատյան դաշտի աղուտ-ալկալի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում չօգտագործվող այլ հողատարածքների վրա (քարքարուտներ, ավազուտներ, բաց հանքեր և այլն)` տարբեր մշակաբույսերի անհող աճեցման նպատակով, ինստիտուտում մշակված նորագույն` ջրաշիթային հիդրոպոնիկայի եղանակով: Այս եղանակը պաշտպանված է գյուտի արտոնագրով (ՀՀ Գյուտի արտոնագիր թիվ 1849 A2, 1946 A2, 1988 A2, 1989 A2): 10 հա մակերեսով ջրաշիթային բացօթյա և 2 հա ջերմատնային հիդրոպոնիկ առաջին մոդուլների (կոմբինատի) նախագծումը կատարվել է «Հայհողշին» ինստիտուտում (նախագիծը առկա է), կառուցվել է Արմավիրի մարզում (նախկին «Մելիորատոր» տնտեսությունում): Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն ՀՀ Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների ու ֆերմերների հետ:
|