Կազմակերպություններ
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Էկոլոգիական հետազոտություններ և երկրաքիմիա
Հիմնադրման տարեթիվ՝ 1989թ.
Տնօրեն՝ ա.գ.թ.
Սահակյան Լիլիթ Վարուժանի
Հասցե՝ ք. Երևան, 0025, Աբովյան փ. 68
Հեռախոսահամար՝ (+374 10) 572924
Ֆաքս՝ (+374 10) 572938
Էլեկտրոնային փոստ՝ ecocentr {[ at ]} sci.am, info {[ at ]} cens.am
Ինտերնետային կայք՝ http://www.cens.am/
Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (Էկոկենտրոն ՊՈԱԿ) ստեղծվել է 1989թ.-ին, 1993թ.-ից անցել է ինքնուրույն հաշվեկշռի` որպես առաջատար գիտահետազոտական և կրթական կենտրոն: Իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Էկոկենտրոնի կրթական բաղադրիչը ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը:2020թ.-ի դրությամբ Էկոկենտրոնն իրականացնում է բյուջեից ֆինանսավորվող 11 գիտական ծրագիր` «Շրջակա միջավայրի երկրաբնապահպանական հետազոտություններ», «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար», «Քաղաքի բազմագենտային էկոլոգատնտեսական համակարգի կայուն զարգացումն ապահովող մոդելների, մեթոդների և ծրագրերի համալիրի մշակում՝ Հայաստանի Հանրապետության ք. Երևանի օրինակով», «Գերբարձր լուծաչափի տվյալների կիրառմամբ լեռնային լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռազննման մեթոդի մշակում», «Ավագ դպրոցի սովորողների քաղաքացիական կոմպետենտության ձևավորման մոդել», «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտությունները որպես որոշումների ընդունման հենք (Ալավերդի քաղաքի օրինակով)», «Երևան քաղաքում իրացվող սննդամթերքում ծանր մետաղների ռիսկի գնահա¬տում», «Երևան քաղաքում իրացվող սննդամթերքում տրանսճարպաթթուների ռիսկի գնահա¬տում», «Հայաստանի տարածքի ռադիոէկոլոգիական մոնիթորինգ. փուլ երկրորդ», «Երևան քաղաքի տարածքում ջերմային դաշտերի ուսումնասիրման հեռազննման մեթոդի մշակում», «Գյուղամերձ արոտների «հող-բույս» համակարգի հիմնական չափորոշիչների և բուսածածկի վերականգնման կանխատեսման հնարավորությունը»: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 64, այդ թվում` 37 գիտ. աշխատող (4 գիտ. դոկտոր և 17 գիտ.թեկնածու): Աշխատակիցների միջին տարիքը 38 տարեկան է: Հետազոտական աշխատանքները հրատարկվում են տեղական և միջազգային, այդ թվում նաև ազդեցության բարձր գործակցով ամսագրերում և գրքերում (www.cens.am): Արդյունքնեըը լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներով: Հաստատված է համագործակցություն ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ՝ համատեղ հետազոտությունների, պայմանագրային աշխատանքների, համատեղ նախագծերի, ուսանողների փոխանակման, գիտական խորհրդատվության, պատկան մարմիններին որոշումների կայացման աջակցության և այլ ոլոտների համար:

Գործունեության հիմնական ոլորտներ

Էկոկենտրոնում իրականացվող միջառարկայական հետազոտություններն ուղղված են տարածքների էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը և էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքների մշակմանն ու բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը, միջավայրի և սննդի հետ կապված առողջական ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը: Միջառարկայական արդիական հետազոտությունների լայն հնարավորություն են բացում Էկոկենտրոնի կառուցվածքային միավորներ հանդիսացող տարբեր հիմնախնդրային կողմնորոշման 4 բաժինների և 1 կենտրոնի` գիտական մեկ տանիքի տակ գործելը, դրանք են՝

  • շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժին,
  • կենսաէներգետիկա և կերի որակի բաժին,
  • ԱՏՀ և հեռազննման բաժին,
  • ռադիոէկոլոգիայի բաժին,
  • սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոն:


Էկոկենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում` ատոմաաբսորբցիոն սպեկտրոմետրով (PerkinElmer, AAnalist-800), MS/GS (Termo Electron Corp.) սպեկտրոֆոտոմետրով (Hach, Dr-2004), գամմա-սպեկտրոմետրով (Canbera), ջրի մուլտիանալիզատորով (Horriba, U-10), ռադոնոմետրով RAD-7 (Durridge Comp.Inc.), էքստրակտորով (Starte E), XRF անալիզատորով (Innov X-5000), ասպիրատորով (ABA-1-120-02A), գլոբալ տեղորոշման սարքով, անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) ինքնաթիռային տիպի՝ SensyFly eBee SQ, և ուղղաթիռային տիպի՝ DJI Mavic Pro, քլորոֆիլ չափող սարքով (APOGEE MC-100), ցենտրիֆուգով, մանրադիտակով (JEOL JCM-7000), գեոսերվերով, ինչպես նաև հզոր համակարգչային բազայով և կիրառում է ատոմաաբսորբցիոն, մասս-սպեկտրոմետրիկ-գազախրոմատոգրաֆիկ, ռենտգեն-ֆլյուորեսցենտային, սպեկտրա-ֆոտոմետրիկ, ռադիոմետրիկ, կոլորիմետրիկ, քիմիական և տարրալուծման մի շարք այլ մեթոդներ:

Գիտակրթական գործունեություն

Էկոկենտրոնի կրթական բաղադրիչը ներառում է երկու ամբիոն. 2010թ.-ից գործում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ «Բնօգտագործում և բնապահպանություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի ամբիոնը, 2011թ.-ից գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը: Էկոկենտրոնում գործում է նաև ասպիրանտական դպրոց: Ուսանողները առաջին ուսումնական օրվանից ինտեգրվում են գիտական գործունեությանը՝ կցվելով համապատասխան բաժիններին:
Բացի ասպիրանտական և մագիստրոսական կրթությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը աջակցում է «Կրթություն հա­­նուն կայուն զարգացման» գործընթացին՝ մեծ ուշադրություն դարձնելով ոչ ֆորմալ կրթությանը, որի միջոցով սովորողներին ծանոթացնում է բնա­պահ­պանության ոլորտին առնչվող գիտական հետա­զո­տությ­ուն­նե­րին, միջին մասնագիտական կրթության ոլորտում սեմինար-վերապատրաստման մի­ջոցով բարձրացնում դասավանդողների կոմպետենտությունը՝ կայուն զարգացման առանցքային թեմաների ուղղությամբ:

Հիմնական արդյունքներ

Էկոկենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում գնահատվել և քարտեզագրվել է ՀՀ տարբեր քաղաքների և հանքալեռնային շրջանների էկոլոգաերկրաքիմիական համալիր իրավիճակը, քանակապես գնահատվել է աղտոտման առողջական ռիսկերը, բացահայտվել են բնակչության ռիսկի խմբերը:
Մշակվել են լանդշաֆտային տարբեր բաղադրիչների (հող, ջուր, բույս, գյուղատնտեսական մշակաբույսեր) էկոլոգիական վիճակի գնահատման հեռազննման մեթոդներ, որոնց կիրառմամբ իրականացվել է ՀՀ գյուղական համայնքների բարձր լեռնային արոտավայրերի էկոլոգիական վիճակի գնահատում և քարտեզագրում: Արբանյակային լուսանկարների տարածաժամանակային վերլուծության արդյունքում գնահատվել է ՀՀ լեռնային էկոհամակարգերի արդյունավետությունը՝ կլիմայի փոփոխության պայմաններում: Տարածական տեղեկատվության համակարգման, փոխանակման և կառավարման նպատակով ստեղծվել է տարածական տեղեկատվական ենթակառուցվածք (www.geoserver.cens.am, www.geoexplorer.cens.am, www.geonetwork.cens.am), որտեղ շարունակաբար հավաքագրված և հավաքագրվող քարտեզագրական տեղեկատվությունը հասանելի է շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին GIS ցանկացած ձևաչափով (shp, kml և այլ):
Գնահատվել են ազգաբնակչության կողմից սպառվող բուսական և կենդանական ծագման մթերքներում քիմիական վտանգների առկայությունը և ներազդեցությունը, իրականացվել է քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին ռիսկի գնահատում: Ազգաբնակչության շրջանում իրականացվել են մթերքների սպառման վերաբերյալ ուսումնասիրություններ, ստեղծվել է սպառման տվյալների հենք, որը կիրառվում է առողջական ռիսկի գնահատման համար:
Իրականացվել է ՀՀ տարբեր քաղաքների տարածքներում աճեցվող բանջարանոցային մշակաբույսերի էկոտոքսիկոլոգիական մոնիթորինգ, մշակվել են քաղաքային տարածքների ֆունկցիոնալ կանաչապատման հիմունքները, գնահատվել է Երևան քաղաքի կանաչ ենթակառուցվածքում ընդգրկված ծառատեսակների վիճակը, էկոլոգիական կայունությունը և տարբեր աղտոտիչներ կլանելու հատկությունները, հետազոտվել են քաղաքային բույսերի նյութափոխանակության առանձնահատկությունները:
Ուսումնասիրվել է ՀՀ բնական կերահանդակների արդի վիճակը, իրականացվել է մոնիթորինգ և մշակվել բարելավման միջոցառումներ: Տարբեր մոդելային տարածքներում իրականացվում են հիմնարար հետազոտություններ` վերգետնյա և արմատային զանգվածի կուտակման ու բաշխման, արժեքավոր կերաբույսերի մասնաբաժնի գնահատման, տերևային մակերեսի, քլորոֆիլների ու հանքային տարրերի քանակության որոշման և այլ հարցեր: Փորձարկվել են մի շարք ագրոմիջոցառումներ` գերարածեցված արոտների վերականգնման նպատակով և ստացվել բավարար արդյունքներ:
Գյուղատնտեսական ուղղվածության լայնածավալ հետազոտությունների արդյունքում գնահատվել են ՀՀ տարբեր մարզերի համեմատաբար խոշոր գյուղատնտեսական հողերի՝ ներառելով հող-ջուր-բույս համակարգի քիմիական անվտանգությունը արգելված և գործածվող պեստիդիների մնացորդային քանակների մոնիթորինգի շրջանակներում, որը հնարավորություն է տվել մշակել ռիսկերի գնահատման ձեռնարկներ՝ նմուշառումից մինչև առողջական ռիսկի գնահատում:

Միջազգային գործունեություն

Էկոկենտրոնը ղեկավարում և մասնակցում է բազմաթիվ միջազգային ծրագրերի, ներառյալ․
«Զոոնոտիկ հիվանդությունների ատլասի ստեղծում Հարավային Կովկասում_ATLAS» նախագիծ (ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման գործակալություն) (2020-2023),
«Բնության հետ քաղաքների զարգացման, ինովացման եվ կառավարման համար համատեղ արտադրություն» (Հորիզոն 2020 շրջանակային ծրագիր, www.connectingnature.eu) (2017-2022)
«Հայաստանյան բազմաչափ տեղեկատվական համակարգեր արբանյակային տեղեկատվության համար - ADC4SD» (Ժնևի Համալսարան՝ Առաջատար տեխնոլոգիաների կենտրոն նախաձեռնություն, https://www.swissdatacube.org/index.php/2018/09/28/adc4sd/) (2018-2020)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (ծրագիր N: 2019-1-IT02-KA107-061646) (2019-2022)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (ծրագիր N: 2019 -1-IT02-KA107-061962) (2019-2022)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (2019-2021)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (2019-2020)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (2018-2019)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (ծրագիր N: 2017-1-IT02-KA107-036278) (2017-2019)
Erasmus + KA107 կրեդիտային շարժունակության ծրագիր (ծրագիր N: 2016-1-IT02-KA107-023902) (2016-2018)
«Շրջակա միջավայրի պաշտպա­նություն (բնապահ­պանություն)» կրթական ծրագրերի արդիակա­նացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO Էրազմուս+ CBHE, www.menvipro.eu)(2018-2021),
«Հայաստանում կայուն տարածաշրջանային զարգացում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանավայրի ստեղծման ներուժի վերլուծություն» (Միխաիլ Սուխոֆֆ հիմնադրամ (MSF) (2018),
«Կանաչ ենթակառուցվածքների մոտեցում. քաղաքային անտառների կառավարում և ուսումնասիրում` կապված հասարակական և շրջակա միջավայրի ասպեկտների հետ» վերապատրաստում (COST Action FP1204) (2014-2017)
«Հարավային Կովկասի քաղաքներ. դեպի կայուն քաղաքային պլանավորում» (Գիտական նախագծերի և ինստիտուտների խմբավորման և Հորիզոն 2020 ծրագիր`ԵՄ Արևելյան գործընկերության երկրների IncoNet ծրագրի շրջանակում) (2016)
«Ընդհանուր սննդաբաժնային ուսումնասիրություն և սննդակարգային էքսպոզիցիայի գնահատում» վերապատրաստման դասընթաց» (Եվրոմիության  7-րդ շրջանակային ծրագիր (EU FP7) (2015)
«ԱՏՀ մեթոդների ստանդարտացումը քաղաքների տարածական կազմակերպման և արդյունավետ կառավարման նպատակով» (Ռուսաստանի Ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամ) (2015)
«QuickBird արբանյակից ստացված բարձր լուծաչափի տիեզերական նկարներ» (Digital Globe աջակցության ծրագիր) (2015)
Արևելյան գործընկերության համագործակցության ցանցի ստեղծում` «Կլիմայի փոփոխություն և շրջակա միջավայր» (INCONET EaP FP-7) (2014)
«ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Եվրոմիության հետ համագործակցության կարողությունների հզորացում. Հայաստանի ինտեգրում Եվրոպական գիտահետազոտական տարածաշրջանին» (Եվրոմիության 7-րդ շրջանակային ծրագիր (EU FP7)) (2011-2014):
Որպես փորձագետներ Էկոկենտրոնի աշխատակիցները մասնակցում են CRDF, INTAS, NFSAT, IAEA, REC և Եվրոմիության մի շարք ծրագրերի իրականացմանը:
Էկոկենտրոնն ունի միջազգային ճանաչում, նրա մասին տվյալները առկա են «Ռուսաստանի և ԱՊՀ Էկոլոգիայի և բնապահպանության տեղեկատու» (Directory of Ecology & Conservation in Russia/CIS, հրատարակված է 1998թ. Էդինբուրգում), «Գիտելիքների աշխարհ» (The World of Learning), 1997, 1999, 2001, 2004, 2005, 2011, 2012, 2015, 2016, 2017, 2018, 2019 (Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Շրջակա միջավայրի և Առողջապահության կազմակերպության ուղղությամբ եվրոպական ժողովածու (UNED-UK 1999) և էկոլոգիական հանրագիտարան ու տեղեկատու (Environmental Encyclopedia and Directory) 2001, 2009 (Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Տեղեկատու «Արևելյան Եվրոպա, Ռուսաստան և Կենտրոնական Ասիա» (Eastern Europe, Russia and Central Asia), 2000, 2003, 2004, 2005, 2008, 2009, 2010, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 (Լոնդոն, Միացյալ Թագավորություն) տեղեկատվական հրատարակչություններում:
2013թ. Էկոկենտրոնը «Business Initiative Direction (B.I.D)» միջազգային կազմակերպության կողմից պարգևատրվել է «Եվրոպայի կամար» մրցանակով` որակի, առաջնության, տեխնոլոգիաների և ինովացիաների համար:
2017թ. Էկոկենտրոնը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի կողմից «Էկոլոգիապես անվտանգ ապրանքներ և սննդամթերք» անվանակարգում պարգևատրվել է ECOWORLD էկոլոգիական միջազգային մրցանակի 2-րդ աստիճանի Դափնեկրի դիպլոմով:


Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին


Էկոկոնտրոնը անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում.
«Երկրագնդի զննման Խումբ» համաշխարհային կազմակերպություն (Group on Earth Observations: GEO)Գիտությունների Ակադեմիաների Միջազգային Ասոցիացիային առընթեր հիմնարար աշխարհագրական խնդիրների հանձնաժողով (The Council of Fundamental Geographical Problems under International Association of the Academies of Sciences)Շրջակա միջավայրի Բալկանյան ասոցացիաի անդամ (Balkan Environmental Association B.EN.A.)Եվրահանձնաժողովի Հորիզոն 2020 ծրագրի պարենային անվտանգություն և բիոէկոնոմիկա թեմայով ծրագրային Կոմիտե (Program Committee on Food security and Bioeconomy)Եվրահանձնաժողովի Հորիզոն 2020 ծրագրի Կլիմայի գործողություններ, շրջակա միջավայր, արդյունավետ ռեսուրսներ և հումք թեմայով ծրագրային Կոմիտե (Horizon 2020, Program Committee on Climate Action, Environment, Resource Efficiency and Raw Materials)Միջուկային անվտանգություն. «Հինգի օղակ» Եվրոպական փորձագետների ցանց (NUCLEAR SAFETY: Ring of Five: the European network of experts)Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Պարենի անվտագության իշխանություններին միջազգային ասոցացիայում ազգային ներկայացուցչություն (FAO/WHO International Food Safety Authorities Network (INFOSAN))Երկրաբանական գիտությունների միջազգային միության Գլոբալ Երկրաքիմիական հիմնագծի հանձնաժողով (IUGS/IAGC Task Group on Global Geochemical Baselines)Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Լեռների համագործակցություն (FAO Mountain Partnership).       
Երկրի մասին գիտությունների Եվրոպական միություն (European Geosciences Union (EGU))·         
Միջազգային Բժշկական Երկրաբանության ասոցացիա (International Medical Geology Association IMGA)

Հավելյալ տեղեկություններ

Էկոկենտրոնը իրականացնում է պայմանագրային աշխատանքներ և ծառայություններ տնտեսվարողների, անհատների, կառավարման տարբեր մարմինների հետ՝ խորհրդատվություն, նմուշառում և լաբորատոր փորձարկումներ, ռիսկերի գնահատում, որոնց ընտրված ցուցակը (2020-2015թթ.) բերված է ստորև.(2019) Ֆրեդերիկ II-ի անվ. Նեապոլի համալսարան, «ՎԵԿՍ» ՍՊԸ, «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ, «Ալօլի Վայնս» ՍՊԸ, «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Լուսի-Արեգ» ՍՊԸ, Սուրիկ Ֆեդիկի Հովնանյան, «ՔԱՊ» ՓԲԸ, «Մետեքսիմ» ՍՊԸ, «Երևանյան Բազալտ» ՍՊԸ, «Արցախի գիտական կենտրոն 18AA-006», «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ, «Արմեն Արամայիսի Ավթանդիլյան», «Լիկվոր» ՓԲԸ, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «Ռաֆ-օջախ» ՍՊԸ (բնական քարերի նմուշներում բնական ռադիոնուկլիդների որոշում գամմա սպեկտրաչափության մեթոդով, նմուշների լաբորատոր փորձարկումներ, համապատասխանության գնահատման համագործակցություն),(2018) ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն («Բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգ», «ՀՀ-ում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի իրականացում», «ՀՀ-ում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի իրականացում»),«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ («ՀՀ-ում բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգ», «ՀՀ-ում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի իրականացում», «ՀՀ-ում դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագրի իրականացում», «Մսում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագիր», «Կաթում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագիր»),«Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ, «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ (լաբորատոր փորձարկումների, համապատասխանության գնահատման համագործակցություն), «Գարանտ Բրոքերս» ՍՊԸ («Ներմուծված կամ արտահանված բեռի մաքսազերծմանն ուղղված որոշակի գործողություններ»),(2017) «ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ՍՊԸ (Լաբորատոր փորձարկումների համապատասխանության գնահատման համագործակցություն), «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ («Քիմիական արտադրամասի ջրաքիմիական ռեժիմի վարման համար քիմիական նյութերի՝ ծծմբական թթվի և նատրիումի հիդրօքսիդի տեսակարար ծախսի հաշվարկում»),(2015) «Ջրտուք» ՍՊԸ («Վեդի ջրամբարի և հարակից տարածքներում բուսաշերտի ուսումնասիրությունները»), «Փ.Աբաջյան» ՍՊԸ («Ցեմենտի և հանքաքարերի քիմիական անալիզը»), «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ (լաբորատոր փորձարկումներ), «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ («Կայուն աղբյուրներից օդային ավազանի աղտոտման տեղեկատվություն») 
(2016-2017) «Սևանի Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամ («Սևանա լճում Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբանության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում լճի ջրի որակի հեռազննման մոնիթորինգային համակարգի ստեղծման գիտահետազոտական աշխատանքներ»),(2015-2017)Արցախի գիտական կենտրոն («ԼՂՀ հիմնական կերային ռեսուրսների որակական ցուցանիշների ուսումնասիրությունը», «ԼՂՀ անասնապահության կերային ռեսուրսների գնահատում և ռացիոնալ օգտագործումը (Թալիշի համայնքի օրինակով)») «Արցախի տարածքում էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ. (ԼՂՀ տարածքում արտադրվող մեղրի որակի և անվտանգության հետազոտում»), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ («Ջրի, օդի, հողի և/կամ այլ նմուշների փորձարկումները»), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ («Առհոս ջրի երկու հոսքից թթվածնի կենսաբանական և քիմիական պահանջարկի և նավթամթերքների հետազոտությունները»),(2015-2016) «Էգիս Ինթերնեյշնլ ընկերության հայաստանյան մասնաճյուղ» (Երևանի շրջանցիկ ճանապարհի ծրագրի Առաջադրանք 3-ի շրջանակում Բնապահպանական հետազոտությունների իրականացումը»), («Հետազոտության տեղամասում հորատանցքի հորատում և նմուշառում»):

Հրապարակումներ

1989-2020թթ. ընթացքում Էկոկենտրոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են ավելի քան 900 գիտական հրապարակում, ներառյալ 14 մենագրություն, 5 ուսումնամեթոդական ձեռնարկ և գիտական աշխատանքների 23 ժողովածու, որոնց կարելի է ծանոթանալ տեղական և միջազգային շտեմարաններում, Էկոկենտրոնի գրադարանում և www.cens.am կայքում: