Նորություններ
10/12/2024
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության պատմական, իրավական, ժողովրդագրական և սոցիալական հիմնախնդիրները

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն (պատմաիրավական հարցեր)» թեմայով գիտաժողովը, որը կազմակերպել էին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը։

Գիտաժողովը նվիրված էր Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության պատմական, իրավական, ժողովրդագրական և սոցիալական հիմնախնդիրներին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ Նա նշեց, որ Ադրբեջան պետությունն, ստեղծման առաջին իսկ օրվանից, իր առջև խնդիր էր դրել դուրս մղել հայությանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ «1918-1920 թվականների ընթացքում Շիրվանի, Գարդմանի, Նախիջևանի տարածաշրջաններում իրականացվեցին տեղի հայ բնակչության կոտորածներ, շատ հայեր ստիպված եղան լքել իրենց բնակության վայրերը և փախստական դառնալ։ Նույնը կրկնվեց 1988-1990 թվականների ընթացքում, երբ արդեն Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և այլ վայրերի հայության կոտորածները։ Հազարավոր հայեր ստիպված եղան լքել այդ տարածքները։ Էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով այսօր Ադրբեջանի տարածքում հայ չի մնացել։

Սակայն այդ պետությունը, նրա իշխանությունները, այդ հանցանքները կազմակերպած անձինք մինչ օրս դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մարդկության դեմ իրենց իրագործած հանցանքների համար»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը։ Նա նշեց, որ կարևոր նշանակություն ունի ուսումնասիրել և քննարկել փախստականների իրավական, տնտեսական, սոցիալական և ժառանգության պահպանման հիմնախնդիրները։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ պատմական Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայաթափումը ոչ միայն հանցագործություն է տվյալ երկրամասերի հայության բնական իրավունքների դեմ, ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլև հանգեցրել է հայության այդ հատվածների կենցաղի ու ավանդական սովորութային հավաքական միջավայրի կորստի։ «Նման իրողությունների ֆոնին պատմական անցյալի բազմաշերտ ուսումնասիրությունը, նորովի մեկնաբանումը և դրանց թիրախային գնահատականները մերօրյա տարածաշրջանային պատմաքաղաքական իրողությունների տիրույթում մեծ կարևորություն և գիտագործական արժեք ունեն», - ասաց Վիլեն Գաբրիելյանը։ 

Նա նշեց, որ միջազգային հանրության առաջ այսօր ծառացած ամենասուր խնդիրներից մեկը փախստականության խնդիրն է։ «Մենք ականատես ենք լինում տարբեր վարչակարգերի կողմից մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտման։ Համոզված ենք, որ այս համաշխարհային միտումը պետական հանցագործությունների հանդեպ անհետևողականության և պատժի ու պատասխանատվության միջազգային մեխանիզմների անարդյունավետության և անգործության հետևանք է», - ասաց Վիլեն Գաբրիելյանը։ 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրեն Արման Եղիազարյանը նշեց, որ, ցավալիորեն, 21-րդ դարում ստիպված ենք նորից քննարկել հայ ժողովրդի՝ իր ազգային տարածքում տեղաբնիկ լինելու խնդիրները։ «Մենք բախվել ենք մի իրողության հետ, որ հայերի զանգվածային տեղահանության հետևանքով հակառակորդը փորձ է անում ջնջել հայության հետքերը, հայության ներկայությունն այդ տարածքներում», - ասաց Արման Եղիազարյանը։

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը՝ նշելով, որ գիտական ուսումնասիրության արդյունքները պետք է դառնան զենք ու գործիք ինստիտուցիոնալ մակարդակում։ «Այդ արդյունքները կօգնեն պատկան մարմիններին մեր մշակութային ժառանգության համար պայքարի դաշտում», - ասաց Մխիթար Գաբրիելյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի տրամադրման վարչության ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվության բաժնի պետ Իրինե Հակոբյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին, ներկայացրեց պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և մասնագետներ ՀՀ գիտակրթական կառույցներից՝ ներկայացնելով Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության խնդիրները, վեր հանելով պատմական արդարության վերականգնման, բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.12.2024թ․