Նորություններ
02/10/2024
Հայաստանում անցկացվում է համազգային Գիտության շաբաթը

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց համազգային Գիտության շաբաթը, որի նպատակն է  մոտեցնել գիտությունը հասարակությանը։

Գիտության շաբաթը կազմակերպել են «Գիտուժ» նախաձեռնությունը և Գիտությունների ազգային ակադեմիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը միացել են Հանրապետության գիտական և տեխնոլոգիական կառույցները։ Ազատության հրապարակում տեղադրված են Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների ու կենտրոնների տաղավարները, որտեղ գիտաշխատողները ներկայացնում են իրենց գիտական ուղղություններն ու արդյունքները, իրականացնում են հետաքրքիր գիտափորձեր և անցկացնում քննարկումներ երեխաների, դպրոցականների և գիտությամբ հետաքրքվողների հետ։ Գիտության

շաբաթվա մեկնարկին տաղավարներով շրջեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

«Հոկտեմբերի 1-ից 6-ն Ազատության հրապարակը շնչելու է գիտությամբ։ Գիտության շաբաթը միջազգային ընդունված ձևաչափ է, գիտության հանրայնացման հարթակ, որտեղ առաջին հերթին հնարավորություն ունենք երեխաներին ծանոթացնել գիտությանը։ Սա իրենց համար և մասնագիտական կողմնորոշման հարթակ է,

և տեսանելի է դարձնում գիտության ձեռքբերումներն ու զարգացումները։ Մեծ աշխատանք է արված, և յուրաքանչյուր կառույց փորձել է երեխաներին հետաքրքրել կոնկրետ գիտակարգով, կոնկրետ ուղղությամբ։ Անկախ նրանից, թե ինչ բարդ թեմաների է անդրադառնում հետազոտությունը, մեր գիտաշխատողները գտել են այդ մասին երեխաների հետ հասկանալի և մատչելի խոսելու ձևը և լեզուն։ Սա շատ կարևոր է, որովհետև 

իրականում մենք կարող ենք երեխաներին բերել դեպի գիտություն, եթե կարողանանք ցույց տալ գիտության, հետազոտության ուղիղ կապը կյանքի հետ։ Այս տաղավարները հնարավորություն են տալիս բացահայտել այդ կապը և ցույց տալ յուրաքանչյուր աշխատանքի ուղիղ ազդեցությունը մեր կյանքի և մեր կյանքի որակի վրա», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

«Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը պատմեց՝ ինչպես առաջացավ Գիտության շաբաթվա գաղափարը։ «Մոտ 4 տարի առաջ «Գիտուժը» սկսեց իր գործունեությունը երկու ուղղությամբ՝ գիտության քաղաքականության մշակում և գիտության հանրահռչակում։ Այս ընթացքում մենք տեսանք ակտիվություն մեդիադաշտում՝ լուսաբանելու գիտությունը, և հասկացանք, որ եթե ուզում ենք՝ 

երկարաժամկետ մտածենք և գիտության հանրահռչակումն ավելի ինստիտուցիոնալ մակարդակով անենք, պետք է խոսենք հասարակության բոլոր շերտերի հետ։ Սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը, որը ցույց տվեց, որ տարբեր երկրներում ամեն տարի անցկացնում են գիտության շաբաթներ՝ թեման փոխելով։ Ընտրեցինք «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» թեման, որի նպատակն է, որ հասարակությունը հասկանա թե՛ գիտության կարևորությունը, թե՛ գիտնականի աշխատանքի կարևորությունը», - ասաց Լիլիթ Մարգարյանը։

Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը նշեց, որ  կենտրոնական թիրախը երեխաներն ու երիտասարդներն են։  «Գիտության շաբաթը բոլորի համար է, սակայն առաջնահերթություն է գտնել և նաև ստեղծել ապագա գիտնականներ, որովհետև նրանցից է կախված ապագան, նաև գիտության ապագան։ Նաև նպատակ ունենք փոխել հասարակության վերաբերմունքը գիտության նկատմամբ, որպեսզի ավելի քննադատական

մտածելակերպ առաջանա, ձևավորվի հասարակական կարծիք և պահանջ պետության նկատմամբ գիտության ֆինանսավորման առումով, և Գիտության շաբաթը վերածվի ինստիտուցիոնալ հարթակի, որը կդառնա ամենամյա», - ասաց Արման Գասպարյանը։

Գիտության շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․10.2024թ.

Լուսանկարներ