Նորություններ
26/04/2023
ՀՀ ԳԱԱ-ում միջազգային գիտաժողովով նշանավորվեց աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակը

Սույն թվականի ապրիլի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհավորեց Յուրի Հովհաննիսյանի հոբելյանը՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ։ ՀՀ ԳԱԱ նախագահը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Այսօր առավել քան արդիական է «Գիտությունը միավորում է ազգերին» կարգախոսը։ Հանդիպման վայրը խորհրդանշական է։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան միավորում է բազմաթիվ երկրների գիտնականների: Մենք բարձր ենք գնահատում, որ Յուրի Հովհաննիսյանը մեր ակադեմիայի անդամ է: Հպարտ ենք, որ Յուրի Հովհաննիսյանի անունը տրվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրին, և վերջերս նա դարձել է Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր՝ հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար:

Գիտությունների ազգային ակադեմիան, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Երևանի պետական համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանն ակտիվորեն համագործակցում են Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ: 1992 թվականից ի վեր շուրջ 20 հայ հետազոտողներ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում պատրաստել և պաշտպանել են իրենց ատենախոսությունները»:

ՀՀ ԳԱԱ նախագահը Յուրի Հովհաննիսյանին և գիտաժողովի մասնակիցներին հրավիրեց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերին կայանալիք ՀՀ ԳԱԱ-ի 80-ամյակի տոնակատարությանը:

Յուրի Հովհաննիսյանին շնորհավորեցին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և գիտաժողովի մասնակիցները։ 

Յուրի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին գիտաժողովի կազմակերպման համար։ Նա նշեց, որ գերծանր միջուկների ֆիզիկայի ոլորտի գիտնականները տարին մեկ անգամ հանդիպում են՝ քննարկելու արվածն ու նախանշելու ծրագրերը։ 2019 թվականին գիտնականները հավաքվել են Տոկիոյում, 2021 թվականին՝ Դուբնայում, 2022 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում։ 2023 թվականին այդ հանդիպումն անցկացվում է Երևանում։ 

Յուրի Հովհաննիսյանը ներկայացրեց իր բազմամյա գիտական գործունեության արդյունքները՝ անդրադառնալով միջուկային ֆիզիկայի բնագավառի մարտահրավերներին ու գերծանր տարրերի սինթեզի պատմությանը։ 

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է «Մեծ գիտություն» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բացահայտումներն ու ձեռքբերումները: 

Հոբելյանական գիտաժողովին մասնակցում են առաջատար գիտնականներ ԱՄՆ-ի Նոտր Դամի համալսարանից, Շվեյցարիայի Փոլ Շերրերի ինստիտուտից, Իսրայելի Թել Ավիվի համալսարանից, Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից, Լեհաստանի Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոնից։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 29-ը ներառյալ։

«Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունը (IUPAP):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.04.2023թ.