| ||||||||
Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրի տեղեկատվական օրը։ COST ծրագիրը ֆինանսավորում է հետազոտական ցանցեր, որոնք կոչվում են COST գործողություններ։ Դրանք միավորում են գիտնականներին և նորարարներին տարբեր ոլորտներից՝ 4 տարվա ընթացքում նախանշված թեմայի շուրջ համագործակցելու նպատակով: COST ծրագրի տեղեկատվական օրվա միջոցառումը կազմակերպել էին «Նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, COST ասոցիացիան և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, COST ասոցիացիայի անդամներ, COST ծրագրի շահառուներ, ՀՀ գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։ COST ազգային համակարգող Տիգրան Արզումանյանը նշեց, որ տեղեկատվական օրվա նպատակն է ներկայացնել COST ծրագրի հիմնական դրույթները, ծրագրին մասնակցության ընթացակարգը, ֆինանսավորման հնարավորությունները։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ «Ես ուզում եմ ընդգծել կապերի հաստատման և գործընկերության նոր հնարավորությունների կարևորությունը, որոնք հասանելի դարձան Հայաստանի հետազոտողներին 2022 թվականին COST ասոցիացիային անդամակցելու արդյունքում։ ՀՀ ԳԱԱ-ն մշտապես կարևորում է միջազգային համագործակցությունը։ ԳԱԱ-ն մի շարք միջազգային կազմակերպությունների և ցանցերի անդամ է, ունի համագործակցության բազմաթիվ պայմանագրեր։ ԳԱԱ ինստիտուտներն իրականացնում են ավելի քան 60 միջազգային դրամաշնորհային ծրագրեր։ Ցավոք, COST-ի դեպքում այս հնարավորությունը լիարժեք չի օգտագործվել։ Ես տեղեկացվել եմ, որ Հայաստանը COST գործողություններում ներկայացված է ընդամենը 30%-ով։ COST գործողություններում ակտիվ և ընդգրկուն մասնակցությունը հրաշալի հնարավորություն կլիներ եվրոպական և միջազգային գլխավոր խաղացողների հետ կապերի և համագործակցության հաստատման համար՝ որպես արդյունք ունենալով համատեղ հետազոտություններ և միջազգային գիտական համագործակցություն։ Ես վստահ եմ, որ գիտության և նորարարության ոլորտում վերջին զարգացումները, հետազոտությունների ֆինանսավորման զգալի աճը, նոր ծրագրերի իրականացումը նպաստում են գիտության միջազգայնացմանը, նոր արդյունքների ստացմանը և հայաստանյան թիմերի՝ եվրոպական ծրագրերում մասնակցությանը։ Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը կնպաստի ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանը և մեր հետազոտական համայնքի ավելի ակտիվ մասնակցությանը COST գործողություններում», - ասաց Արամ Պապոյանը։ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, COST-ի ավագ պաշտոնյաների կոմիտեի անդամ Մարիաննա Սարգսյանը նշեց, որ հետազոտությունների միջազգայնացման գործում մեծ դեր ունեն «Հորիզոն Եվրոպա» և COST ծրագրերը։ «Այս երկու ծրագրերը եզակի հնարավորություն են ընձեռում մեր հետազոտողներին՝ ներգրավվելու բարձրորակ հետազոտական նախագծերում, զարգացնելու իրենց գաղափարներն ու նախագծերը միջազգային հետազոտական ցանցերում երկխոսության և գիտելիքի փոխանակման միջոցով», - ասաց Մարիաննա Սարգսյանը։ COST ծրագիրը ներկայացրին COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկին և COST քաղաքականության բաժնի ղեկավար Բարթ Վեյսը։ Ելույթներ ունեցան COST գործողությունների հայաստանյան մասնակիցները՝ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը և Գենետիկական փորձագիտական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։ Ապրիլի 16-ին տեղի ունեցավ COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկու, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանի և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Ռուբեն Հարությունյանի աշխատանքային հանդիպումը, որի շրջանակում քննարկվեցին միջազգային և միջգիտակարգային համագործակցության հեռանկարները։ |