| ||||||||
Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)» թեմայով գիտական սեմինարը: Դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, հայագետ Անահիտ Տօնապետեանը, ում գիտական գործունեությունը վերաբերում է արևելահայերենի քերականության, ընդհանուր լեզվաբանության հետ հայերենի բաղդատման, հայերենի բարբառների համադրման, արևմտահայերենը որպես Սփյուռքի լեզու ճանաչելու հարցերին։ Սեմինարի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար Պավել Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ Նրանք կարևորեցին նման սեմինարների անցկացումը երիտասարդ հետազոտողների համար։ Ներկայացնելով դաշտային աշխատանքի իր փորձը՝ պրոֆեսոր Տօնապետեանը նշեց, որ արևմտահայերենի տվյալներ հավաքագրելու նպատակով դաշտային աշխատանքներ է իրականացրել մի շարք երկրներում, այդ թվում՝ Բեյրութում, Հալեպում, Հայաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում։ Խոսելով դաշտային աշխատանքների առանձնահատկությունների մասին՝ նա կարևորեց համայնքներում վստահության մթնոլորտ ստեղծելը։ |