| ||||||||
«Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված գիտաշխատողների հաջողության պատմություններին «Էրազմուս+»-ի շրջանակում։ «Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է: ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը, ով ծրագրի առաջին շահառուներից է և «Էրազմուս+»-ի շրջանակում ուսանել է Իտալիայում, ներկայացրեց իր փորձը։ «Էրազմուսը շատ լավ գործիք է, ունի տարբեր ծրագրեր՝ կրթական, մագիստրոսական, ասպիրանտների փոխանակման և կարողությունների զարգացման։ Մագիստրոսական ծրագրերը հիանալի հնարավորություն են ուսանելու արտերկրում՝ չմտածելով վարձավճարի մասին, որը փոխհատուցում է ծրագիրը։ Շատ կարևոր են ասպիրանտների փոխանակման ծրագրերը, երբ գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են երկու ինստիտուտներում։ Այս ծրագրերը հիանալի հնարավորություն են ընձեռում համատեղ գիտական աշխատանք իրականացնել խմբի հետ։ Իսկ կարողությունների զարգացման ծրագիրը հնարավորություն է արդիականացնելու կրթական ծրագրերը և ձեռք բերելու նորարարական լաբորատորիաներ։ Դուք իրական հնարավորություն ունեք ծրագրի շնորհիվ սովորելու մասնագիտություններ, որոնք Հայաստանում չկան», - ասաց Դավիթ Պիպոյանը։ Նա նշեց, որ «Էրազմուս+»-ի շրջանակում Հայաստանում ներդրվում է միկրոորակավորումների շնորհման համակարգ, որը շուտով մեր երկրում կդառնա օրենսդրական պահանջ։ Ելույթներ ունեցան և իրենց հաջողության պատմությունները ներկայացրին «Էրազմուս+»-ի ծրագրերի համակարգող Անի Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Նաիրա Ազատյանը և Կարեն Գիգոյանը։ |