Նորություններ / Պահոց
13/09/2021
Հայաստանը՝ համաշխարհային քարտեզի վրա խաղողի ծագման բնօրրան

    Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար:
    Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է  մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին:


    ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագրի երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից Institute of Grape and Wine Sciences (ISVV)-ը,, որի հետ պլանավորված է 2022 թ-ից սկսել ՀՀ-ում խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչև մասնագետների վերապատրաստում։ 
    Ծրագիրը կրում է կիրառական բնույթ և միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես, հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկանությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարևոր է կլիմայի գլոբալ փոփոխության կոնտեքստում։


    Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ-ին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ուսումնասիրությունները իրականացվել են մոլեկուլային-գենետիկական մակարդակով, այնուհետև գենոմային մակարդակով։ 
    Համաշխարհային խաղողի քարտեզի վրա Հայաստանի, որպես խաղողի ծագման բնօրրան ճանաչելի դարձնելու նպատակով 2018 թ-ին ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ստեղծվեց ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների առաջին բազան՝ VITIS www.vitis.am  կայքը, որը կցված է եվրոպական www.vivc.de և չինական www.vitisgdb.ynau.edu.cn  տվյալների բազաներին: 
    Առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեկվենավորման միջոցով գենոտիպավորվեցին 400-ից ավելի խաղողի նմուշներ, որոնց գերակշիռ մասը պահպանվում է ՀՀ Խաղողի ազգային կոլեկցիոն այգում։ Այս արդյունքները ստացվել են «Հայաստանի խաղողի գենետիկական ելանյութի բազմակողմանի բնութագրումը սելեկցիոն ներուժի բացահայտման նպատակով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Գերմանիայի Խաղողի սելեկցիայի ինստիտուտի մասնակցությամբ։ Այժմ արդեն գենոտիպավորված են խաղողի շուրջ 1300 գենոտիպեր, ներառյալ վայրի խաղողի ավելի քան 200 նմուշներ։


    2019 թ-ին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միացավ “Whole genome sequencing of global Vitis  accessions (4K)”  (Vitis –ի գլոբալ նմուշների ամբողջական գենոմի սեկվենավորում) միջազգային մեգա-ծրագրին՝ Չինաստանի ԳԱԱ և Յունանի համալսարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհից հավաքագրվել են խաղողի շուրջ 5000 տարբեր սորտեր և վայրի գենոտիպեր, որոնց ամբողջական գենոմը արդեն ռեսեկվենավորվել է։ 
    Ըստ ծրագրի արդյունքների խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձևեր են վայրի և մշակովի խաղողի միջև, ինչը չափազանց կարևոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2022 թ-ին:
    «Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է, - ասաց ծրագրի գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը, - պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը և վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը»:


    Գիտնականը վստահ է, որ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով և այս մոտեցումը ունի կարևոր բնապահպանական և առողջապահական նշանակություն։ 
    Ծրագրերի գիտական արդյունքները Քրիստինե Մարգարյանը, որպես հրավիրված բանախոս,  զեկուցել է ոլորտի գլխավոր  միջազգային կազմակերպության International Organization of Vine and Wine, OIV-ի տարեկան գիտաժողովներին, սկսած 2016 թ-ից, տպագրել հոդվածներ միջազգային պարբերականներում (VITIS, Genes, MDPI): Շուտով լույս կտեսնի նաև երկու լայնածավալ հոդվածներ Nature Plants և Biology, MDPI պարբերականներում։

13.09.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն