| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պետրոս Ալահայտոյան-90» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված երաժշտագետ, բանահավաք, խմբավար ու հասարակական գործիչ Պետրոս Ալահայտոյանի ծննդյան 90-ամյակին։ Հոբելյանական գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։ Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը Պետրոս Ալահայտոյանին անվանեց հայ ժողովրդական երաժշտության, ոչ նյութական մշակութային ժառանգության պահապան։ նա ընդգծեց, որ Պետրոս Ալահայտոյանը եղել է Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի աշակերտը։ Ցեղասպանության 70-րդ և Կոմիտասի մահվան 50-րդ տարելիցների կապակցությամբ նա լծվել է ազգանպաստ մնայուն աշխատանքի. 1985 թվականից այցելել է Եվրոպայի, Արևելքի և ԱՄՆ-ի հայկական համայնքներ, ծերանոցներ՝ ձայնագրելով կարևոր ազգագրական և փաստագրական նյութեր: 2022 թվականին իր բացառիկ հավաքածուն՝ 450 տուփ մագնիտոֆոնային ձայնագրություն և 126 տուփ մագնիտոֆոնային ժապավեն, Պետրոս Ալահայտոյանը նվիրաբերել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտին։ «Այս հավաքածուն կարևոր շտեմարան է ոչ միայն արվեստագիտական, ֆոլկլորագիտական, բանահյուսական, այլև ցեղասպանագիտական հետազոտությունների համար», - նշեց Աննա Ասատրյանը: Պետրոս Ալահայտոյանի հետ ընկերության մասին պատմեց և հիշողություններով կիսվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ «Պետրոսը շատ բարի մարդ էր և այնքան անսովոր գիտական ճանապարհ էր անցել։ Նա տրվել էր այս երգերի հավաքագրմանը։ Երբ իր գիրքը լույս տեսավ՝ ես այդպիսի կապ մարդու և գրքի միջև չէի տեսել, գիրքն իր զավակն էր։ Ավելի շատ երաժիշտ էր, գիտական միտքն իր խորքերում էր։ Այս գիտաժողովը նորովի է արժևորում այն, ինչ արել է Պետրոս Ալահայտոյանը՝ գիտական լուրջ տարածք ստեղծելով իր աշխատանքի, իր անձի հանդեպ», - ասաց մաեստրո Մանսուրյանը։ Անի Հակոբյանը հանդես եկավ «Պետրոս Ալահայտոյանի բանահավաքչական հունձքը և դրա ճակատագիրը» զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը ներկայացրեց «Կիլիկիան Հայաստանի պատմական երգերը Պետրոս Ալահայտոյանի ձայնագրություններում» զեկույցը։ Ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լուսին Օրդուխանյանն ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթի մեներգիչ Աբել Աբելյանը։ |