Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը։ Նպատակն էր քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները։ Գիտաժողովին մասնակցեցին դիվանագիտական, գիտական, կրթական, պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Մարդկությունը գտնվում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների ընթացքում, և այս պայմաններում յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի իր անվտանգային խնդիրներով։ Այս առումով Հայաստանի համար չափազանց լուրջ մարտահրավերներ կան, որոնց հաղթահարման ուղիները կարող են բացահայտվել գիտական մշակումների ճանապարհով», - ասաց Յուրի Սուվարյանը։
Ակադեմիկոս Սուվարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ապահովել իր անվտանգային միջավայրը մասամբ սեփական արտադրությամբ զինված բանակով, տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերությամբ և ճկուն դիվանագիտությամբ։ «Սա ենթադրում է ունենալ հզոր գիտություն։ Գիտությունն է երկրի անվտանգության զարգացման գլխավոր գործոնը։ Նմանատիպ գիտաժողովները պետք է նվիրվեն այնպիսի խնդիրներին, որոնց գործնական լուծումը կպայմանավորի մեր երկրի հզորությունը և դիրքը համաշխարհային քաղաքականության մեջ», - նշեց Յուրի Սուվարյանը։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը նշեց․ «Ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առկա տարածաշրջանային խնդիրները ոչ միայն լուծում չստացան, այլ առիթ հանդիսացան տարբեր աշխարհաքաղաքական բևեռների համար մրցակցության, դիրքավորման, խնդիրների նորովի լուծման համար։ Յուրաքանչյուր քաղաքական բևեռ այդ խնդիրներին նայելու է զուտ իր շահերի դիտանկյունից և հաճախ դրանք չեն համընկնելու հայկական շահերին։ Գիտաժողովի նպատակն է վեր հանել այդ բևեռների շահերը, փորձել հասկանալ, թե որ հատվածներում կարող են դրանք համընկնել ՀՀ կենսական շահերին»։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանը նշեց․ «Անվտանգային տեղաշարժերը Հարավային Կովկասում վերաձևավորվում են Պարսից Ծոցը Սև Ծովին միացնելու համար Հյուսիս- Հարավ միջանցքի և Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Միջին Միջանցքի մեգածրագրերի իրագործման համատեքստում»:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը նշեց․ «Ակներև են Հայաստանի ջանքերը Միջին Արևելքի և արաբական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանը գործ ունի ոչ միայն մի քանի երկրների, այլ նաև Արևելքի հետ։ Արևելագետների ջանքերով է նաև, որ այս հարաբերություններն ուսումնասիրվում են, մշակվում և ամրապնդվում»։
Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը գիտաժողովին ուղերձ էր հղել․ «Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում փոխվեց ուժային հավասարակշռությունը։ Նշված խնդիրների վերաբերյալ քննարկումները և գիտական համայնքի կողմից բարձրացված հարցերը կարող են ոչ միայն օգտակար լինել մասնագիտական ակտիվ քննարկումների ծավալման, այլև ՀՀ դիվանագիտության համար։ Այս տեսանկյունից, գիտության և դիվանագիտության կապն ու համագործակցությունը կարող են ծառայել ի շահ մեր պետության ազգային շահերի»։Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը կարևորեց Հայաստանում իրականացվող արևելագիտական հետազոտությունները։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն իր զեկուցման ժամանակ շեշտեց․ «Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ աշխարհի տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում»։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան հետազոտողներ ԱՄՆ-ից, Եթովպիայից, Հայաստանից, Սիրիայից։
Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.11.2024թ․