Նորություններ
27/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

Գիտաժողովի նպատակն է դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները։ Գիտաժողովը հասցեագրված է նաև Հարավային Կովկասի նոր ստատուս քվոյին՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի դինամիկ փոխակերպումների առանցքում։ 

Գիտաժողովին կմասնակցեն դիվանագիտական, գիտական, կրթական, պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ։ Զեկուցումներով հանդես կգան հետազոտողներ ԱՄՆ-ից, Եթովպիայից, Հայաստանից, Սիրիայից։

Հարավային Կովկասի երեք երկրներում ընթացող փոխակերպման գործընթացներն ու արտատարածաշրջանային ռազմաքաղաքական փոփոխություններն իրենց հետ բերեցին անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք ռազմաքաղաքական դաշինքների ստեղծման և աշխարհաքաղաքական նոր նախընտրությունների առիթ դարձան տարածաշրջանի երեք պետությունների համար։ Անվտանգային տեղաշարժերը Հարավային Կովկասում վերաձևավորվում են Պարսից ծոցը Սև ծովին միացնող Հյուսիս-Հարավ միջանցքի և Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Միջին միջանցքի մեգածրագրերի իրագործման համատեքստում։

Տարածաշրջանային արդի վերափոխումների ու զարգացման միտումների և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնախնդիրների քննարկումը միջազգային գիտաժողովի ձևաչափով ունի ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական ու կիրառական արդիականություն և նշանակություն։ 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և արաբերենը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.11.2024թ․