Նորություններ
12/11/2024
Հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ ՀՀ ԳԱԱ-ում նշեցին Գիտության համաշխարհային օրը

Սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել էր հարյուրավոր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների՝ նշելու Գիտության համաշխարհային օրը։

Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Գիտության համաշխարհային оրվա նպատակն է բարձրացնել գիտության կարևորության մասին իրազեկվածությունը և ընդգծել գիտության դերը մարդկության կյանքը բարելավելու և գլոբալ խնդիրների լուծման գործում:

ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կառույցները տաղավարներում աշակերտների հետ գիտական փորձեր անցկացրին, ներկայացրին գիտնականի աշխատանքը, որը բացահայտումների և սովորելու մշտական գործընթաց է: Նշեցին, որ գիտնականների հայտնագործությունները և զարգացումները կարող են զգալիորեն փոխել մարդկանց կյանքը, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները նոր հորիզոններ են բացում։

Միջոցառման շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճներում անցկացվեցին գիտահանրամատչելի սեմինարներ։ «Հայ ժողովրդի գենետիկա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը պատմեց վիրուսային հիվանդությունների, վիրուսների էվոլյուցիայի և պատվաստումների մասին։  ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանը պատմեց աստղաֆիզիկայի, աստղերի, գալակտիկաների և տիեզերագիտության մասին։ Ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմը։

ՀՀ ԳԱԱ-ն կարևորում է դպրոցականներին դեպի գիտություն բերելը, օգնել նրանց հասկանալ գիտության կարևորությունը, տեսնել ապագան գիտության միջոցով և զարգացնել նրանց հետաքրքրասիրությունն ու ինքնավստահությունը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12․11․2024թ․

Լուսանկարներ