Նորություններ
11/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։

Գիտաժողովը նվիրված է Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը, Չինաստանի արդիականացման գործընթացին, մասնավորապես, Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա դրա ազդեցությանը, գլոբալ անվտանգությանը, միջազգային հարաբերություններում չինական տեսլականի, միջազգային տրանսպորտային միջանցքների և կապուղիների հիմնահարցերին:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան գիտնականներ և հետազոտողներ Հայաստանի ու Չինաստանի գիտական առաջատար կենտրոններից։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, չինարենը, ռուսերենը և անգլերենը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․11․2024թ․