Նորություններ
04/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Պարույր Սևակ-100» եռօրյա հոբելյանական գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը։

Գիտաժողովի ընթացքում գիտնականներ և մասնագետներ ՀՀ կրթական և գիտական կառույցներից կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը, Սևակի պոեզիան օտար լեզուներով, նրա լեզվական արվեստը, պոեզիան հայ երաժշտության մեջ, հայ կոմպոզիտորական արվեստում, Պարույր Սևակի պատմափիլիսոփայությունը։

«Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Պարույր Սևակի տուն-թանգարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04․11.2024թ․