Նորություններ
16/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը։ Այն նվիրված է «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» թեմային։ 

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան անվանի գիտնականներ և առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից։ Զեկուցումները վերաբերում են ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, մաթեմատիկայի, քվանտային մեխանիկայի, տիեզերագիտության, երկրաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնախնդիրներին և հետազոտություններին։

Կանցկացվեն գիտաժողովի լիագումար և մասնախմբային նիստեր։ Կներկայացվեն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության և բնագիտության,  կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները։ 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․10․2024թ․