Նորություններ
14/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Էպոս, ինքնություն և մշակույթ» էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Էպոս, ինքնություն և մշակույթ» էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Սասնա Ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին։ 

 

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխոյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Մեր դյուցազներգությանը  

նվիրված այս գիտաժողովը չափազանց կարևոր է մանավանդ մեր օրերում: Գիտաժողովի թեման՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ», շատ արդիական է, ունի ոչ միայն գիտական, մշակութային, մշակութաբանական, այլև՝ գործնական նշանակություն, մեր պատմությունն ու մշակույթն օտար հարձակումներից պաշտպանելու համար:

Մեր դյուցազներգության ամբողջ տրամաբանությունն ուղղված էր անկախության ձեռքբերմանը՝ ազգային ազատագրական շարժմանը: Այսօր գիտաժողովում հնչող դրույթները պետք է նպաստ բերեն մեր անկախ պետականության անվտանգությանը, և, անշուշտ, մշակույթի, գիտության զարգացմանը»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից բանասիրական գիտությունների դոկտոր, 

պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, UCLA համալսարանից պրոֆեսոր Պիտեր Քաուին, Բոննի համալսարանի պրոֆեսոր Կարլ Ռայխլը։

Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվեց  27 զեկուցում «Վիպասում, արխաիկ պատում և 

տարբերակայնություն», «Պատմամշակութային միջավայր և արքետիպեր», «Տարածաշրջանային կապեր և վիպական ավանդույթ», «Վիպական երգ և մոտիվ», «Էպոսը հարակից գիտակարգերի տիրույթում» թեմաներով նիստերի շրջանակում։

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․10․2024թ․

Լուսանկարներ