Նորություններ
14/10/2024
ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի «CORE» ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «CORE» ակադեմիայի պատվիրակությանը՝ պրոֆեսորներ՝ Լի Լեիին, Ռեյմօնդ Ջ. Վուին, տիկին Ֆենգ Լիուին և տիկին Յան Ժենգին։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահի  գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

Կողմերը ծանոթացան միմյանց գիտական գործունեությանը, քննարկեցին համագործակցության ուղիները։ 

Այնուհետև, ՀՀ ԳԱԱ-ի և  «CORE» ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ ՀՀ ԳԱԱ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, իսկ «CORE» ակադեմիայի կողմից՝ Ռեյմօնդ Ջ. Վուն։

Հուշագրի նպատակն է․

  • նպաստել համատեղ նախագծերին կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում
  • իրականացնել համատեղ գիտական հետազոտություններ, գիտնականների փոխանակման ծրագրեր
  • կազմակերպել համատեղ/փոխադարձ գիտատեխնիկական շրջայցեր, ինչպես նաև գիտական հանդիպումներ, համատեղ լաբորատորիաներ կամ ինստիտուտներ
  • իրականացնել գիտության հանրահռչակման գործունեություն երկու կազմակերպությունների համար և խթանել համապարփակ համագործակցությունը երկու կազմակերպությունների հաղորդակցության, հետազոտությունների և միջազգային զարգացման գործում:

«CORE» ակադեմիան ներկայացնում է «International Core Academy of Sciences and Humanities» ակադեմիան և նրա կից հաստատությունները (ներառյալ «Ke Rui» ակադեմիան, «CORE» գիտական կենտրոնները և «CORE» հետազոտական լաբորատորիաները)։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․10․2024թ․