| ||||||||
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմակերպությունները շարունակում են հանդես գալ գիտական զեկուցումներով։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցումը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։ Նա նշեց, որ միաբյուրեղներում, արտաքին ազդակների առկայության պայմաններում ռենտգենյան փնջերի դիֆրակցիոն երևույթների առանձնահատկությունների հետազոտման արդյունքում ինստիտուտում հայտնաբերվել են մի շարք նոր երևույթներ։ Մասնավորապես, հայտնաբերվել են առաջնային ուղղությունից անդրադարձման ուղղություն ռենտգենյան փնջերի լրիվ վերամղման, ֆոկուսացման և ֆոկուսային հեռավորության կառավարման, ինչպես նաև միաբյուրեղներում կլանման գործակցի փոփոխման և ռենտգենյան փնջերի միջոցով ինֆորմացիայի հաղորդման երևույթները։ Վերջին տարիներին այդ ուղղություններով իրականացվել են կիրառական հետազոտություններ, որի արդյունքում ինստիտուտում մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆ՝ 50մկմ լուծողությամբ։ Այն հաջող կիրառվել է հատկապես հնագիտական գտածոների և կենսաբանական օբյեկտների հետազոտման համար։ Ինստիտուտում ակտիվ զբաղվում են նաև տարբեր միջավայրերում ռելյատիվիստիկ մասնիկների ճառագայթման մակածման խնդիրներով։ Այդ ուղղությամբ ակտիվ հետազոտություններ են իրականացվում Գերմանիայի «DESY» էլեկտրոնային սինքրոտրոնի և Հայաստանի «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների գիտական կենտրոնի էլեկտրոնային փնջերի վրա՝ արագացուցչային փնջերի դիագնոստիկ սարքերի մշակման, ինչպես նաև ռենտգենյան և տերահերցային ճառագայթման ուղղորդված մոնոքրոմատիկ փնջերի ստացման նպատակով։ Վահան Քոչարյանը նշեց, որ ինստիտուտում գեներացվել են նոր հետազոտական ուղղություններ՝ նպատակ ունենալով իրականացնել գիգատերահերցային ճառագայթների սպեկտրասկոպիկ և տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև ուսումնասիրել ցածր չափանի համակարգերի քվանտային կետերի, նանոթիթեղների, երկչափ նանոնյութերի ֆիզիկական հատկությունները։ Ինստիտուտում ակտիվ իրականացվում են նաև հետազոտություններ նյութագիտության բնագավառում՝ աճեցվում են կիրառական նշանակության միաբյուրեղներ, սինթեզվում են մեծ դիէլեկտրիկ թափանցելիությամբ նյութեր, ինչպես նաև հիբրիդային օրգանական-անօրգանական նյութեր՝ արևային էներգետիկայում օգտագործելու նպատակով։ Մշակվել են սարքեր միկրո ու նանո մասնիկների, պարբերական կառուցվածքների ստացման, ինչպես նաև օդի աղտոտվածության որոշման համար։ 2024 թվականին ինստիտուտի գիտաշխատողները տպագրել են 50-ից ավելի գիտական հոդված «Scopus և Web of Science» շտեմարաններում ներառված ամսագրերում։ |