Նորություններ
08/10/2024
«Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման և մոնիթորինգի գործիք» երիտասարդ գիտնականների դպրոցը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի  սեպտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման և մոնիթորինգի գործիք» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և աջակցությամբ։

Դպրոցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին և հոկտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Մոլեկուլային գենետիկական մոտեցումները, որպես կենսաբազմազանության գնահատման և մոնիթորինգի գործիք» խորագրով նիստեր։ Ողջյունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն ասաց․  «Վերջին տասնամյակներում մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի և գոնեմիկայի տեխնոլոգիական զարգացումը մեծապես նպաստել է նաև հարակից  դիսցիպլինների, մասնավորապես, կենսաբազմազանության համապարփակ ուսումնասիրմանը։  Հատկապես

արդյունավետ է մոլեկուլային տարբեր մարկերների կիրառումը, որպես գերճշգրիտ մոլեկուլային գործիք՝  գենետիկական անձնագրավորման, գեների ալելային բազմաձևության գնահատման, տարբեր ռեզիստենտ գեների նույնականացման գործում։  Սեկվենավորման տեխնոլոգիական առաջընթացում մեծ դերակատարում ունի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը:  Այնտեղ  ավելի  քան տասը տարի ակտիվ տարվում  է ՀՀ խաղողի կենսաբազմազանության  ուսումնասիրությունը՝  ներառյալ գենետիկական ռեսուրսների ինվենտարիզացիան, գենետիկական և ֆենոտիպային  անձնագրավորումը, ամբողջական գենոմի սեկվենավորումը և ստացված տվյալների թվայնացումը միջազգային տվյալների բազաներում։

Ժամանակակից  մոլեկուլային մեթոդներն ակտիվորեն ներդրվում են նաև ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում: Եվ հետագայում մեր երկրի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն  ու մատչելիությունը պետք է հիմնվի մոլեկուլային կենսաբանության նորագույն մեթոդների վրա»։ 

 

Նիստերին մասնակցեցին գիտնականներ և ուսանողներ Հայաստանի և արտերկրի գիտական և կրթական հաստատություններից։ 

Ներկայացվեցին հետաքրքիր դասախոսություններ, զեկուցումներով հանդես եկան գիտաշխատողներ Գերմանիայից, Իտալիայից, Հայաստանից, Սերբիայից և Ֆրանսիայից։ Մասնակիցները ծանոթացան կենսաբազմազանության ոլորտում առաջատար հետազոտությունների արդյունքներին, կիրառվող նոր գիտական մոտեցումներին ու հեռանկարներին։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․10.2024թ.

Լուսանկարներ