| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀՀ Քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ՀՀ Քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակին։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ գիտական, կրթական, ուժային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ և ուսանողներ։ Շնորհավորելով ՀՀ Քննչական կոմիտեի հոբելյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց․ «Ուրախ եմ, որ այս յուրահատուկ գիտաժողովն անցկացնելու հարթակ ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիան։ Ինչպես տնտեսության, պաշտպանության և այլ ոլորտների, այդպես էլ արդարադատության հիմքում գիտությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության հանուն գիտահեն արդարադատության»։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Գիտությունների ազգային ակադեմիայի շենք մուտք գործելիս աննկարագրելի պատկառանք ես զգում։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված միջոցառման գիտական մասն այս դահլիճում ենք անցկացնում», - նշեց Արգիշտի Քյարամյանը։ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ասաց, որ մշտապես կարևորվել է համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի և ԲՈՒՀ-երի հետ։ «Իրավաբանական դարբնոցներից մեր շարքերը համարել են որակյալ կադրեր», - նշեց նա։ Գիտաժողովի շրջանակում ՀՀ Քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր ստորագրեց Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Արդարադատության ակադեմիայի, Պետական կառավարման ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Ռուս-Հայկական» համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։ Ըստ ՀՀ ԳԱԱ-ի հետ կնքված հուշագրի՝ ՀՀ Քննչական կոմիտեն և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը կհամագործակցեն իրավագիտության ամբիոնի ուսանողների գործնական հմտությունների զարգացման, ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորման գործում, իսկ ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը կներգրավվի կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստման դասընթացներին։ Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից։ |