Նորություններ
17/09/2024
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին սոցիալական և տնտեսական զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության դարաշրջանում

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում» միջազգային գիտաժողովը։ 

Գիտաժողովի նպատակն էր քննարկել արհեստական բանականության ձեռքբերումների ներդրման համատեքստում սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանն ուղղված համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունները, ընդլայնել գիտական համագործակցության աշխարհագրությունը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա նշեց, որ արհեստական բանականությունը, լինելով մարդկային քաղաքակրթության խոշորագույն նվաճումներից մեկը, ընձեռում է մեծ հնարավորություններ և միաժամանակ ստեղծում ռիսկեր։

«Ամենամեծ ռիսկը գործազրկության առաջացումն է։ Մենք գործ ունենք բանական գործողությունների փոխարինման հետ։ Որոշ մասնագիտություններ կվերանան և կառաջանան նորերը, և սա կրթության ոլորտի առջև խնդիր է դնում պատրաստել համապատասխան մասնագետներ։ Հաջորդ ռիսկը, որն արդեն նկատելի է, մարդկային մտածողության դեգրադացումն է։ Պետք է նաև հաշվի առնել ներքին և արտաքին անվտանգության խնդիրները, որոնք կապված են անձնական տվյալների տարածման, ռազմական անվտանգության հետ», - ասաց Յուրի Սուվարյանը։ 

Ակադեմիկոս Սուվարյանը նշեց, որ այսօր տնտեսագետներն ունեն խնդիր վերլուծելու և հասկանալու՝ ինչպես կանխել արհեստական բանականության հնարավոր ռիսկերը և օգտվել ընձեռած հնարավորություններից։ «Մեր արտադրանքը պետք է ունենա բարձր որակ, համաշխարհային շուկայում լինի մրցունակ, իսկ դրա համար պետք են գիտական նվաճումներ։ Մեր խնդիրն է նպաստել տնտեսության զարգացմանը, որպեսզի սոցիալական և տնտեսական հարցերը կարգավորվեն գիտական մեթոդներով», - ասաց Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանը նշեց. «Այսօր մենք կանգնած ենք նոր գլոբալ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են համապատասխան մոտեցում և գիտական նորարարություն։ Մեր ինստիտուտն այս ուղղությամբ շատ անելիքներ ունի։ Արհեստական բանականության ռիսկերն ու մարտահրավերները ճիշտ կառավարում են պահանջում, և այս միջազգային գիտաժողովը բացառիկ հնարավորություն է կիսվելու փորձով և ստեղծելու համագործակցության նոր հարթակներ»։

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Դենիս Մուխանի խոսքով՝ գիտաժողովը հնարավորություն է ստեղծում սահմանելու թվային տնտեսության և արհեստական բանականության կարևոր խնդիրները և գտնելու դրանց լուծումները։ «Թվային տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են մտնում հասարակության կյանքի և տնտեսության բոլոր ոլորտներ։ Մեր խնդիրն է սահմանել այն պայմանները, որոնցով տնտեսությունը պետք է ներդնի և զարգացնի ժամանակակից թվային տեխնոլոգիաները», - ասաց Դենիս Մուխան։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնի տնօրեն Բորիս Խլեբցովը նշեց՝ պետք է սահմանել լուծումներ՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը և հասարակության կյանքի որակի բարձրացմանը թվային տեխնոլոգիաների ներդրմամբ։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շուրջ երեք տասնյակ զեկուցումներ արհեստական բանականության ձեռքբերումների, խնդիրների, մակրոտնտեսական զարգացման միտումների, հիմնահարցերի, ֆինանսական քաղաքականության առաջնահերթությունների, ժողովրդագրության, տնտեսության զարգացման և առաջնահերթությունների վերաբերյալ։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17.09.2024թ.