Նորություններ
25/07/2024
ՀՀ ԳԱԱ-ն անցկացրեց Ամառային գիտական դպրոց

Սույն թվականի հուլիսի 11-22-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան անցկացրեց Ամառային գիտական դպրոց, որին մասնակցեցին Շիրակացու ճեմարանի, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87,  Անտոն Չեխովի անվան թիվ 55 և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցների աշակերտները։ 

Դպրոցի բացումը տեղի ունեցավ Եղեգնաձորում անցկացվող գիտական պեղումների վայրում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ: Հայաստանի գիտական խմբի հետ աշխատում էին Գերմանիայից

ժամանած գիտնականներ և կամավորներ: Աշակերտները գիտնականների հետ մասնակցեցին պեղումներին, շարժական լաբորատորիայում ծանոթացան գտածոների մշակման մեթոդներին։ Ամառային դպրոցի ընթացքում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող 

Կարեն Թոխաթյանը պատմեց Հայաստանի տարածքում գտած ժայռապատկերների մասին։ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում և Էկոէպիկետրոնում դպրոցականները ծանոթացան Հայաստանի էնդեմիկ բույսերին։  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների 

ինստիտուտի Երկրաբանական թանգարանում նրանց պատմեցին Երկրի ռեսուրսների մասին, ցույց տվեցին հազարավոր տարիներ առաջ ապրած կենդանիների բրածո մնացորդներ, ոսկու բյուրեղներ մանրադիտակի տակ: Ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը պատմեց հրաբուխների և դրանց ժայթքման հետևանքների մասին: 

Ամառային գիտական դպրոցի փակումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, որտեղ մասնակիցները ծանոթացան խոշոր աստղադիտակների աշխատանքին, այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմեց աստղաֆիզիկայի ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին:

 

Ամառային գիտական դպրոցի անցկացմանն աջակցել է Երևանում «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.07.2024թ.