Նորություններ
11/07/2024
«Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը։

Գրքում զետեղված է երկու հոդված՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունների հետ։ Առաջին հոդվածը վերաբերում է Ադրբեջանում 2014թ․ ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը՝ դրանք դիտարկված բնօրինակների հետ։ Մյուս հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։

Շնորհանդեսին ներկա կլինեն գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը, ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, գիտական հանրության ներկայացուցիչներ։ 

«Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.07.2024թ․