Նորություններ
09/07/2024
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Չինաստանի Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանը խորացնում են համագործակցությունը

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանի գլխավորությամբ։ 

Ողջունելով հյուրերին և հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց․ «Ձեր այցը մեծ հնարավորություն է քննարկելու մեր երկրների գիտակրթական համագործակցության նոր ոլորտները»։ 

Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձավ 2020 թվականին՝ Covid-19 համավարակի ժամանակ, Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջև համագործակցությանը։ «Մեր գործընկերները մասնագիտական աջակցություն ցուցաբերեցին վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստերի  արտադրության կազմակերպման գործում։ Իսկ 2023 թվականին 

Չինաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Կա մեծ ներուժ ընդլայնելու այս համագործակցությունը, մասնավորապես՝ գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար գենետիկական ախտորոշիչ և սքրինինգային թեստերի, ինչպես նաև հիվանդությունների բուժման բջջային և գենային թերապիայի մոտեցումների մշակման գործում», - ասաց Աշոտ Սաղյանը: 

Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը։ Նա կարևորեց հայկական կողմի հետ համագործակցությունը և դրա զարգացումը։ 

Պատվիրակության կազմում էր համալսարանի Կենսաբժշկության քոլեջի Սուջոու Բիոբեյ կենսատեխնոլոգիական տեխնոպարկի ռեզիդենտ, «RocRock Biotechnology» ընկերության հիմնադիր֊ տնօրեն, պրոֆեսոր Շուշան Յինը, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից ՊՇՌ թեստերի արտադրության տեղայնացման ընթացքում տրամադրել է մասնագիտական, տեխնիկական և լոգիստիկ օժանդակություն։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը պրոֆեսոր Շուշան Յինին իր ներդրման համար շնորհեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալ։ 

Պրոֆեսոր Յինը հանդես եկավ «Ախտորոշում և բուժում. աշխարհի համավարակից մինչև բջջի համավարակ» թեմայով դասախոսությամբ։ Նա ներկայացրեց Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետազոտությունները և մշակումները՝ կապված  նորագույն կենսատեխնոլոգիական մոտեցումների կիրառման հետ համավարակների կանխման և քաղցկեղների բուժման համար։ «Մենք խոսում ենք գենետիկորեն մոդիֆիկացված իմունային բջիջների մասին, որոնք թույլ են տալիս հասնել շատ բարձր արդյունավետության տարբեր քաղցկեղների բուժման ժամանակ», - ասաց Շուշան Յինը։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ Շանդոնգի 1-ին բժշկական համալսարանի հետ համագործակցությունը շարունակվելու է՝ ընդգրկելով քաղցկեղների և գենետիկ հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման և բուժման մեթոդների մշակման ոլորտները։  «Մեր նպատակն է Հայաստանում ակտիվացնել այս ոլորտների հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեղայնացնելով այն գիտելիքն ու փորձը, որն ունեն Չինաստանի գործընկերներն այդ ոլորտներում», - նշեց Արսեն Առաքելյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09.07.2024թ․