| ||||||||
Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման ընդլայնված նիստը, որին մասնակցեցին երիտասարդ գիտաշխատողներ ՀՀ գիտական տարբեր ինստիտուտներից և կենտրոններից։ Քննարկվեցին երիտասարդ գիտնականների արդի խնդիրները, գիտության զարգացման հեռանկարները: Նիստը վարեցին ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման փոքր խորհրդի անդամ Բաբկեն Հովհաննիսյանը։ Քննարկվեց «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է միավորել ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը։ Երիտասարդ գիտնականները նշեցին, որ ծրագրի վերաբերյալ լիարժեք տեղեկացված չեն, ուստի հրատապ են համարում հանդիպել անմիջապես ծրագրի պատասխանատուների հետ՝ քննարկելու ծրագիրը։ Քննարկման մասնակիցները նշեցին գիտական առողջ սերնդափոխության, գիտական համայնքի զարգացման գործընթացում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Կարևորվեց միջգիտակարգային և միջազգային համագործակցությունը՝ որպես գիտության զարգացման հեռանկար։ Նաև կարևորվեց գիտահանրամատչելի միջոցառումների անցկացումը կրթական տարբեր հաստատությունների ներգրավմամբ։ |