Նորություններ
01/07/2024
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։

Մրցույթի նպատակներն են նպաստել երիտասարդ գիտնականների կողմից հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում մրցունակ և նորարական հետազոտությունների կատարմանը, խթանել որակյալ անգլիալեզու հոդվածների պատրաստումն ու հրատարակումը։

Դրամաշնորհներ է տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Հետազոտությունը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության ավարտին խումբը պետք է ունենա միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)» պորտալում՝ առնվազն Q4 քառորդում) ընդգրկված ամսագրերից մեկն ուղարկված (submitted) անգլիալեզու գիտական հոդված, որն առնվազն պետք է ընդունված լինի խմբագրի կողմից և ներկայացված առաջին գրախոսականին (review)։

Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը ՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։

Խումբը կարող է ունենալ արտասահմանյան խորհրդատու, ով պետք է լինի օտարերկրյա գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, և նրա Հիրշի ինդեքսը (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի օգոստոսի 10-ը:

Մրցույթի մանրամասները՝ այստեղ, իսկ հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01․07․2024թ․