Նորություններ
19/06/2024
«Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրի շրջանակում մեկնարկեց «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվել է «Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրի շրջանակում և նախատեսված է ՀՀ ավագ դպրոցների ուսուցիչների համար։ 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, գիտնականներ ՀՀ գիտական և կրթական հաստատություններից, ՀՀ ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։ «Այսօր գիտությունը թևակոխել է մի այնպիսի ժամանակաշրջան, երբ գիտական արդյունքն այլևս ինչ-որ տեղ գերազանցում է մարդկային երևակայությունը։ Գիտությունն ավելի մեծ արագությամբ է զարգանում, և գիտելիքների մշտական թարմացումը և կապն առաջնագծային հետազոտությունների հետ առաջնային է ձեզ համար՝ որպես առաքյալների, որոնք լույսը պետք է առաքեն աշակերտներին և, ընդհանրապես, հասարակությանը», - ասաց Արթուր Իշխանյանը։ 

«Ավագ դպրոցի ուսուցիչները պետք է թելադրող լինեն՝ ինչ ծրագրերով և մեթոդով իրականացնել դասավանդումը, որպեսզի աշակերտը կարողանա որոշել՝ ինչ մասնագիտություն ընտրել։ Այս միջոցառման ընթացքում դուք կծանոթանաք ֆիզիկայի ոլորտի վերջին նորություններին, նոր ուղղություններին և նոր հետազոտություններին, որոնք կարող եք օգտագործել դասավանդման գործընթացում՝ ավելի գրավիչ դարձնելով ֆիզիկան աշակերտների համար», - ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։

«ֆիզիկան այն ոլորտն է, որը Հայաստանում ունեցել է լավ ավանդույթ, և մենք ցանկանում ենք շարունակել այդ ավանդույթը», -  նշեց ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանն ընդգծեց գիտության հանրամատչելիացման կարևորությունը։ «Մեր նպատակն է գտնել մեթոդներ, որոնք կնպաստեն Հայաստանում գիտության և կրթության սերտացմանը։ Ֆիզիկայի ոլորտում մենք միշտ ունեցել ենք հաջողություններ։ Այսօր հետաքրքրությունը որոշակի անկում է ապրում, և փորձում ենք հանրամատչելիացման միջոցով հաղթահարել այդ անջրպետը։ Դրա իրականացնողներն ուսուցիչներն են։ Մենք առաջարկել ենք ստեղծել ֆիզիկայի ուսուցիչների ասոցիացիա, մի հարթակ, որտեղ կարող են բարձրացվել հարցեր և առաջարկվել փոփոխություններ», - ասաց Կամո Աթայանը։

Գիտաժողովի երկրորդ մասն անցկացվեց Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Քառօրյա գիտաժողովի ընթացքում առաջատար գիտնականները Հայաստանի և արտերկրի գիտական և կրթական հաստատություններից հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին, ժամանակակից աստղաֆիզիկային, քվանտային ֆիզիկային, ակուստաֆիզիկային, ատոմային և միջուկային ֆիզիկային։ 

Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, հունիսի 20-ին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում, իսկ հունիսի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ Հունիսի 21-ին կամփոփվեն գիտաժողովի աշխատանքները և մասնակիցները կստանան վկայագրեր։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։  «Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրին աջակցում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․06․2024թ․