Նորություններ
31/05/2024
Ինչպե՞ս ճիշտ սնվել և ապրել առողջ․ սեմինար՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գիտությունն այսօր» շարքի 4-րդ սեմինարը՝ «Սննդակարգ և առողջություն» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին դպրոցականներ և ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ ՀՀ տարբեր դպրոցներից և ԲՈՒՀ-երից։ 

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը և սննդագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Ռուբեն Հարությունյանը պատմեց հայ ժողովրդի գենետիկորեն պայմանավորված և ձևավորված սննդակարգի մասին. «Յուրաքանչյուր ազգի կարևորագույն բնութագրերից են նրա կողմից նախընտրելի սնունդը և ըմպելիքները, որոնց ընտրությունը տեղի է ունեցել դարերի և հազարամյակների ընթացքում։ Ամեն ժողովուրդ ունի այն գենոֆոնդը, այն գենետիկան, որն ինքը վաստակել է իր պատմության ընթացքում»: Նշվեց, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը մոտ 74 տարի է, և դա մասամբ մեր գենետիկական արմատների շնորհիվ է։ 

Եթե հայերի գենոֆոնդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում 4000-4500 տարի առաջ և հետագայում էական արտաքին ազդեցությունների չի ենթարկվել, ապա մեր նախնիների անցումը հողագործության  տեղի է ունեցել շատ ավելի վաղ՝ սառցակալման շրջանի ավարտից հետո՝ 10-11 հազար տարի առաջ: Պարզվել է, որ եղել են երկրագործության ութ հիմնական կենտրոններ, և դրանցից մեկը՝ ցորենի, վարսակի, ծիրանի և խաղողի հայրենիքը, պատմական Հայաստանի տարածքում էր: Միաժամանակ կենդանիների ընտելացման և տարածման առաջին կենտրոններից մեկը համարվող այդ տարածքում ընտելացվում էին ոչխարներ, այծեր, խոզեր և կովեր։ Այս կենդանիները ծագում են իրենց վայրի նախնիներից, ինչպիսիք են մուֆլոնը, բեզոարյան այծը, վայրի խոզը և բիզոնը, որոնք ապրում էին սարահարթում գտնվող տարբեր միջավայրերում:

 

Ըստ հաստատված տվյալների՝ հայկական խոհանոցն Ասիայի հնագույն խոհանոցներից է: Դրա յուրահատկությունը ձևավորվել է հայ ժողովրդի ծագմանը զուգահեռ, և մենք մասամբ օգտագործում ենք այդ խոհանոցի հիմունքները մեր առօրյայում: Սակայն ժամանակակից գործընթացը, որը ներառում է արագ և վնասակար սնունդ, բացասական է ազդում հատկապես մեր երիտասարդության առողջության վրա։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակների դեպքերն աճել են մոտ 75 տոկոսով։ Հայաստանում տարածված քաղցկեղի տեսակների աճին զուգահեռ վերջին շրջանում արձանագրվել է նաև ստամոքսի հիվանդությունների և հաստ ու ուղիղ աղիների քաղցկեղի աճ: Վերջին շրջանի մեր բոլոր կորուստներից հետո մենք չենք կարող թույլ տալ կորցնել երիտասարդության առողջությունը չտեղեկացված լինելու հետևանքով: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առողջ ապրելակերպի քարոզչությունը տարածելու ուղղությամբ՝ անառողջ սննդի, խմիչքի և ծխախոտի օգտագործման սահմանափակմամբ։ 

   

Դավիթ Պիպոյանը ներկայացրեց լիարժեք և հաշվեկշռված սննդակարգի դերը մարդու առողջության պահպանման գործում, ինչպես նաև մարդու առողջ կյանքի տևողության վրա։ Նա ներկայացրեց, թե ինչ նշանակություն ունի սննդակարգը մեր կյանքում՝ առանձնացնելով սննդամթերքի կենսաբանական և էներգետիկ արժեքների տարբերությունը, արագ սննդի վնասակարության, ճարպակալումների և թերքաշության հիմնական պատճառները և հետևանքները։ 

«Ժամանակակից սննդագիտությունը և սննդաբանությունն ուսումնասիրում են ոչ միայն  մեր սննդակարգում մակրո- ու միկրոսննդանյութերի պարունակությունները, այլև տեսակներն ու աղբյուրները, քանի որ աղբյուրներն ունեն կարևոր դեր և նշանակություն մարդկանց առողջության համար։ Մեր սննդակարգը պետք է բաղկացած լինի լավորակ աղբյուրներից,  որոնք պարունակում են բարձրարժեք ածխաջրեր ու սպիտակուցներ, ինչպես նաև լավորակ ճարպեր։ Այսօր ամբողջ աշխարհում կա միտում ձեռք բերել անհատականացված սննդակարգ, որովհետև մենք՝ բոլորս, տարբեր ենք», - ասաց Դավիթ Պիպոյանը։  Այս տեսանկյունից կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա օգտվել ժամանակակից հարթակներից, պարբերաբար չափի իր մարմնի զանգվածի ինդեքսը, հաշվարկի իր օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի քանակը և այն, թե որ աղբյուրներից կարող է ստանալ այդ կալորիաները: Նա ներկայացրեց մի քանի օնլայն հարթակներ, որտեղից կարող են օգտվել ինչպես դեռահասները, այնպես էլ չափահասները, պատմեց մրգի ու բանջարեղենի սպառման կարևորության մասին, ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված սննդի չափաբաժինները, որոնք ներառում են մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն: 

«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը համակարգում է ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․05․2024թ.