Նորություններ
23/04/2024
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2023թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2023թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: 

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները և ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնը։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 4 ակադեմիկոս, 10 թղթակից և 24 արտասահմանյան անդամ: 

Տպագրվել է 7 մենագրություն (3-ն՝ արտասահմանում), 207 հոդված (127-ն՝ արտասահմանում), 151 թեզիս (56-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 2 արտոնագիր: 1 աշխատակից պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

Ժողովին ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

  1. «MoS2 երկչափ ատոմական շերտերի և դրանց հիման վրա իմպուլսալազերային փոշեցրման եղանակով ստացված լուսազգայուն կառուցվածքների հետազոտություն»(զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդ. Ս.Գ.Պետրոսյան)
  2. «Բլազարների բազմաալիքային և բազմամեսենջերային ճառագայթման սպեկտրի մոդելավորում» (զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ն.Վ.Սահակյան)
  3. «Դիէլեկտրիկ ալիքատարի առանցքով շարժվող էլեկտրոնների թանձրուկի գեներացրած կոհերենտ ճառագայթման առանձնահատկությունները» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Վ.Ռ.Քոչարյան)
  4. «Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ» (զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ա.Գ.Եղիկյան)
  5. «Քվանտային ֆիզիկայի գաղափարների և հիմունքների կիրառությունը փորձարարական օպտիկայում» (զեկ.` ֆ.-մ.գ.թ. Մ.Ա.Խանբեկյան):

Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն արդյունքներ

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

  • Ռուսաստանի Դաշնության 6մ դիտակով ուսումնասիրվել է RNO 54 օբյեկտը և ապացուցվել, որ նրա մեջ գտնվող աստղն իրենից ներկայացնում է շատ ծեր Ֆուօր, որի բռնկման տարիքը գերազանցում է 1000 տարին։ Այն առայսօր հայտնի ամենածեր Ֆուօրն է
  • Պարզվել են 236 M թզուկների ֆիզիկական բնութագրերը։ FBS 0250+167 աստղի մոտ հայտնաբերվել է երկու մոլորակ մոտ 1.1 արեգակնային զանգվածով: TESS-ի փոփոխականության կորերը հետազոտելիս հայտնաբերվել են մեծ թվով նոր խավարուն փոփոխականներ SDSS-ի և FBS M թզուկների մեջ
  • Սահմանվել և հաշվարկվել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը 1915թ. մինչ օրս չլուծված կարևորագույն խնդիր էր «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ
  • Նեյտրոնային աստղերի կեղևների էլեկտրական հաղորդունակությունը հաշվարկվել է նյութի հեղուկ փուլում ուժեղ մագնիսական դաշտերի առկայության դեպքում: Ուսումնասիրված ջերմաստիճան-խտության միջակայքն ընդգրկում է անցումը ոչ այլասերվածից դեպի խիստ այլասերված էլեկտրոնային գազ և ենթադրում է, որ միջուկները ձևավորում են հեղուկ, այսինքն՝ ջերմաստիճանը բարձր է միջուկների ցանցի հալման ջերմաստիճանից
  • RAFGL 7009S աստղառաջացման տիրույթում հայտնաբերվել է լուսատվության մեծ ամպլիտուդով երկու փոփոխական երիտասարդ աստղային օբյեկտ՝ J183421.85-055951.0 և J183421.39-055937.7: Առաջին օբյեկտի հատկությունները բնորոշ են FU Orionis (FUors) տիպի պայթյունային փոփոխականներին, երկրորդ օբյեկտի գունային ցուցիչները մինչև բռնկումը համապատասխանում են վաղ էվոլյուցիոն փուլում գտնվող երիտասարդ աստղային օբյեկտների։

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

  • Նանոբջիջների կիրառմամբ ցույց է տրվել, որ բացի ատոմ-մակերևույթ վանդերվալսյան (ՎԴՎ) փոխազդեցությունից, ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային (ԴԴ) փոխազդեցությունը։ Առաջին անգամ «կարմիր» շեղման փորձարարական չափումներով ցույց է տրվել C3 գործակցի արժեքի նվազումն ատոմական նանոբջջի հաստության 130նմ-ից մինչև 30-50նմ նվազեցման դեպքում՝ հավաստելով տեսականորեն կանխատեսված ՎԴՎ երևույթի «թուլացումը»
  • Մշակվել է Հոնգ-Օու-Մանդելի (ՀՕՄ) ինտերֆերենցի իրականացման նոր մեխանիզմ տարբեր ալիքի երկարության երկու անկախ ֆոտոնների համար՝ հիմնված պարամետրիկ փոխազդեցության վրա, որը թույլ է տալիս վերահսկելի կերպով տեղափոխել կոդավորված քվանտային տեղեկույթը հիբրիդային ցանցով, ինչպիսին է քվանտային ինտերնետը
  • Օպտիկական հոլոգրաֆիայի ու չդիֆրակտվող բեսելյան փնջերի եղանակների հիման վրա մշակվել է միկրոմասնիկների գերման սարքերի (թվիզերների) նոր մեթոդ՝ ֆոտոռեֆրակտիվ բյուրեղի մակերևույթին լազերային փնջով մակածված, ամիսներ պահպանվող ֆոտովոլտային դաշտերի միջոցով միկրո- և նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման ու գերման համար: Իրականացվել է ԴՆԹ-ի մոլեկուլների միկրոտեղաշարժում ու գերում: Բյուրեղի փոքր չափը (10x10x2 մմ) թույլ է տալիս ստեղծել ինքնավար գործող «lab-on-a-chip» համակարգ:

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

  • Փորձնականորեն հետազոտվել է ամորֆ կվարցից պատրաստված, սնամեջ գլանաձև ալիքատարի առանցքով 3.7ՄէՎ էներգիայով էլեկտրոնների թանձրուկի շարժման արդյունքում գեներացված կոհերենտ ճառագայթման անկյունային բաշխումը հաճախությունների 10-100ԳՀց տիրույթում։ Ցույց է տրվել, որ արագացուցիչներում օգտագործելով որոշակի չափերով գլանային ալիքատարներ` կարելի է հաճախությունների ԳՀց-ՏՀց տիրույթում գեներացնել հզոր ճառագայթում
  • Ցույց է տրվել, որ խնդրի պարամետրերի որոշակի ընտրության դեպքում դիէլեկտրիկ գնդի շուրջը պտտվող ռելյատիվիստիկ էլեկտրոնների շղթան կարող է մակածել հզոր, քվազիկոհերենտ ու «ռեզոնանսային» ճառագայթում
  • Վալինի խառնուկով աճեցրած α-LiIO3–ի միաբյուրեղների ռենտգեն-կառուցվածքային հետազոտությունները ցույց են տվել, որ ստացվել է նոր նյութ՝ Li23IO3H3O
  • Ուսումնասիրվել և ցույց է տրվել, որ կալիումի ու ռուբիդիումի բիֆտալատի պիեզոբյուրեղներում, ակուստիկ տատանումների գրգռման միջոցով, հնարավոր է իրականացնել ռենտգենյան ճառագայթման ինտենսիվության մոդուլացիա։ Հետազոտվել են կվարցի միաբյուրեղում ջերմային գրադիենտի առկայության պայմաններում, ռենտգենյան ճառագայթման ֆոկուսացման, կլանման փոքրացման ու ինտերֆերենցիոն երևույթների որոշ առանձնահատկություններ
  • Ցույց է տրվել, որ հարվածային ալիքը տարածվելով, առաջացնում է ակուստիկ ալիք, որի հաճախականությունը փոխվում է ժամանակի հետ։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

  • Ուսումնասիրվել է պատահական մակերևութային անհարթությունների ազդեցությունը լույսի կլանման վրա ոչ թափանցիկ միջավայրում, մակերևույթի հանդեպ թեքությամբ ընկնելու դեպքում: Բացահայտվել են ինտերֆերենցիոն անդամներ, որոնք զգալիորեն փոխում են կլանման կախվածությունը տարբեր գործոններից
  • Ուսումնասիրվել է բևեռացված լույսի տարածումը իզոտրոպ բեկման ցուցիչով միջավայրում երբ բևեռացումը խախտում է միջավայրի համաչափությունները։ Առաջարկվել է սկզբնական պրոֆիլի վերականգնող սխեմա
  • Կատարվել է նանոկառուցվածքներում բազմաֆոտոն պրոցեսների ուսումնասիրությունը ինտենսիվ լազերային դաշտերի հետ, դիտարկվել է անկարգավորվածությունների դերը գրաֆենում և գրաֆենանման նանոկառուցվածքներում
  • Կատարվել է նանոլարային բիո-սենսորի անալիտիկ մոդելավորում օգտագործելով անցումային նանոլարային դաշտային տրանզիստորի մոդելը, որը հնարավորություն է տալիս կանխատեսել սենսորի զգայնությունը՝ կախված համակարգի պարամետրերից:

ԻԿՐԱՆԵՏ ՄԿ

  • Առաջարկվել է նոր մեթոդ, որն օգտագործում է մեքենայական ուսուցման ալգորիթմներ գամմա տիրույթում ճառագայթող բլազարների դասակարգման համար։ Ուսուցանելով տարբեր ալգորիթմներ, ինչպիսիք են արհեստական նեյրոնային ցանցերը, XGBoost-ն և LightGBM-ը, հայտնի բլազարների դասերի սպեկտրալ ու ժամանակային հատկությունների վրա՝ ստացված մոդելները կարող են հաջողությամբ դասակարգել անորոշ դասի բլազարները։ Դասակարգման այս առաջընթացը նոր հնարավորություններ է ընձեռում տարբեր դասերի բլազարների բաշխումների վիճակագրական հետազոտությունների համար, օգնում է բլազարների նոր դիտումների պլանավորմանը:

Կիրառական արդյունքներ

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

  • Հայ-ռուսական համատեղ կայանում 240 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 537.000 չափում, վերականգնվել է արհեստական արբանյակների 570 ուղեծիր:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

  • Մշակվել է մետաղական իրերի դետեկտման համակարգ՝ հիմնված ատոմական գոլորշու բջջում լազերային ճառագայթման ու ատոմների ռեզոնանսային փոխազդեցության մագնիսաօպտիկական երևույթի վրա, որում ազդանշանն ակտիվ հետադարձ կապով ղեկավարում է Հելմհոլցի 3D կոճերի համակարգը՝ մշտապես կոմպենսացնելով արտաքին մագնիսական դաշտը
  • Մշակվել է օպտիկապես թափանցիկ դաշտային տրանզիստորի (ԴՏ) ստացման եղանակ։ Ստացված թափանցիկ ԴՏ-ն ունի բարձր ելքային հզորություն, ըստ հոսանքի ուժեղացման մեծ գործակից, բարձր ՕԳԳ ու փոքր չափեր։ Մեթոդի հիման վրա ստացվել է ՀՀ արտոնագիր
  • Հետազոտվել է երկաթի ֆտալոցիանինի ու ֆերոցենի պինդֆազային պիրոլիզի եղանակով սինթեզված Fe-Fe3C և Fe-Fe3O4 «միջուկ-թաղանթ» կառուցվածքով ֆեռոմագնիսական նանոմասնիկների ջրային լուծույթի տաքացման վարքը 350 կՀց հաճախությամբ ու 200 Է լայնույթով փոփոխական մագնիսական դաշտում։ Ցույց է տրվել այդ նանոնյութերի կիրառելիությունը մագնիսական գերտաքացման համար։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

  • Մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆի նոր ծրագրային փաթեթ, որը հնարավորություն է տալիս նմուշների եռաչափ պատկերների ներքին կառուցվածքների վիզուալիզացիայի համար առանձնացնել տարբեր խտությամբ տիրույթներ, միաժամանակ դիտել տարբեր կտրվածքներ ու կամայական հատույթներ
  • Մշակվել է բյուրեղների աճեցման նոր մեթոդ և պատրաստվել է համապատասխան բյուրեղարարներ, որոնցում աճեցվել են կիրառության համար հեռանկարային, օպտիկական որակի ու մեծ չափերի միաբյուրեղներ։ Մշակված նոր տեխնոլոգիան արտոնագրվել է
  • Գերարագ սառեցման եղանակով ստացվել են ապակիներ և բյուրեղացվել են BaO(CaO,SrO)–TiO2B2O3 համակարգում։ Արդյունքում ստացվել է նոր սեգնետոէլեկտրիկ նյութ՝ Sr3Ti3B2O12
  • ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են հետազոտություններ սեյմիկական-ակուստիկական ալիքների նոր դասի փոխակերպիչ գրանցիչ համակարգի ստեղծման նպատակով
  • Ինֆրաձայնային տիրույթի ալիքների գրանցիչների տվյալների ճշգրտման նպատակով մշակվել ու ստեղծվել են մինչև 120դԲ կարգավորվող ելքային հզորությամբ մինչև 20Հց, մինչև 100Հց ու մինչև 1կՀց հաճախությունների տիրույթների համար ակուստիկական ալիքների աղբյուրներ։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

  • Առաջարկվել է կոմպլեքս դիէլեկտրական թափանցելիությամբ ջրային խառնուրդի միկրոալիքային տաքացման մեթոդ՝ էլեկտրամագնիսական դաշտի էլեկտրական բաղադրիչի հետ փոխազդեցության շնորհիվ՝ օգտագործելով օղակային ճեղքով ռեզոնատորներ
  • Ուսումնասիրվել են 2D-MoS2 թաղանթների ռենտգենյան և օպտիկական կլանման սպեկտրները, ինչպես նաև կառուցվածքների էլեկտրական և ֆոտոէլեկտրական հատկությունները։ Ցույց է տրվել նրանց հեռանկարայնությունը բարձր զգայնությամբ և արագագործությամբ oժտված ճկուն ֆոտոզգայուն սարքերի ստեղծման մեջ
  • p-InSb-n-CdTe հետերոանցումային ֆոտոընդունիչի վրա ստեղծվել է CO2 գազի օպտիկական սենսորի մակետ, որը օժտված է CO2 մոլեկուլների նկատմամբ խիստ արտահայտված սելեկտիվ և բարձր գազազգայնությամբ
  • Մշակվել է հատուկ նշանակության տեխնիկայի հանգույցների վերականգման և բարելավման, ինչպես նաև դրանց պարամետրերի չափման մեթոդիկա: Այն կիրառվել է զենիթահրթիռային համակարգի հանգույցի վերականգման համար
  • Մշակվել և պատրաստվել է արդյունարար ռադիոլոկացիոն անդրադարձնող մակերեսի չափման համար անհրաժեշտ շարժական ստենդ: Հետազոտվել է զանազան մարմիններից ազդանշանի ինտենսիվության կախվածությունը թիրախի շարժման արագությունից և ուղղությունից:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2024թ.

Լուսանկարներ