Նորություններ
19/04/2024
«Մենք կանգնած ենք անորոշությունների առջև»․ ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյան

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։ 

«Մենք կանգնած ենք անորոշությունների առջև։ Այսօր խոսակցությունների մեծ մասը հաղորդակցության պակասի մասին է։ Կարծիքները տարբեր են և՛ այն կողմից, և՛ այս կողմից, և սա բերեց ավելի մեծ անորոշությունների։ 

Ի՞նչն էր խանգարում ակադեմիային իրականացնել մի նպատակային ծրագիր, որտեղ բոլոր մասնագետները կհամախմբվեին և մենք այսօր կունենայինք հակընդեմ փաստարկներ այդ ծրագրին («Ակադեմիական քաղաք»)։ Ռիսկերը շատ մեծ են։ Ռիսկեր տեսնում եմ կենտրոնացման մեջ, որ անվտանգային խնդիրներ ունեցող երկրում անկախ գիտական կազմակերպություններ նախատեսված չեն, կամ, գուցե, նախատեսված են, բայց այդ մասին չի ասվել։ 

Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկումները ոչ թե կխորացնեն այն հեռավորությունը, որը կա այս ծրագիրն («Ակադեմիական քաղաք») առաջ տանողի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև, այլ կբերեն կառուցողական դաշտ։ Մեր բաժանմունքում տնօրեններով առաջարկեցինք, հստակ պատկերացնելով, որ եթե տնօրենները համախմբվեն, մենք կկարողանանք ավելի պահանջատեր լինել՝ Գիտությունների ազգային ակադեմիայում ավելի ռադիկալ փոփոխություններ իրականացնելու համար, և հասնել նրան, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ավելի հաշվետու լինի և ավելի մեր հետ հաշվի նստի։ Շարժիչ ուժն այն է, որ մենք ունենանք միասնական մոտեցում՝ ոնց ենք մեզ դիրքավորում աշխատանքային խմբերում։ Այո, կարող ենք ուղղակի չդիրքավորվել, ասել՝ չենք մասնակցում, բայց եթե դա բերելու է լավ տեղ, քննարկենք, միասին դա անենք։ 

Մեր բոլորի խնդիրն է, որ եթե փոփոխություններն անխուսափելի են, ապա այդ փոփոխությունները լինեն գոնե կառավարելի ռիսկերով։ Այսօր ես ռիսկերի կառավարման մեխանիզմները չեմ տեսնում, որովհետև քննարկում ենք անորոշության պայմաններում։ ԲՈՒՀ-ական ուռճացրած համակարգը խանգարելու է գիտնականներին և գցելու է մեր ճկունությունը։ Կոչ եմ անում, որ ակադեմիան նորից փորձի հասկանալ՝ որտեղից երկխոսությունը կտրվեց և ոնց կարող ենք Հայաստանի ընդհանուր 4000 գիտնականներով նստենք, խոսենք, հասկանանք՝ որն է մեր նպատակը»։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն արձագանքեց․ «Գիտությունների ազգային ակադեմիան միշտ պատրաստ է երկխոսության։ Սակայն դուք գիտեք, թե հարցն ինչպես է դրված և այդ հարցի մեջ կա՞ ակադեմիայի անունը, թե՝ չէ։ Ձեզ հետ քննարկումների միշտ պատրաստ ենք, ձեր շահերը միշտ պաշտպանել ենք և պաշտպանելու ենք։ Այստեղ խնդիրն ինստիտուտները պահպանելն է, ինստիտուտներ, որոնք բոլորն էլ ինչ-որ ռազմավարական ուղղություններով են։ Այսօր խնդիր է ընտրել այնպիսի ճիշտ համակարգ, որպեսզի ինստիտուտները մնան, զարգանան, ոչ թե գնան մարման։ Այստեղ ակադեմիայի խնդիրը չէ, գրել էլ ենք, կանչում էլ ենք։ Երկխոսություն լինում է երկու կողմի միջև, մեկ հոգին իր հետ չի կարող երկխոսել»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

19․04․2024թ․