Նորություններ
03/04/2024
Լատվիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը ՀՀ ԳԱԱ-ում հանդես է եկել զեկուցմամբ

Սույն թվականի ապրիլի 1-ին Լատվիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հանդես է եկել «Մագնիսաչափություն՝ ադամանդում ազոտ-թափուրք կենտրոնների ըստ միջուկային սպինի բևեռացած 14N հիման վրա» թեմայով զեկուցմամբ։ Այն նվիրված էր ժամանակակից քվանտային և սենսորային տեխնոլոգիաներում լայն կիրառում ստացած արհեստածին նյութի՝ ազոտա-վականսիոն արատներով (NV կենտրոններ) ադամանդի հատկությունների տեսական և փորձարարական հետազոտմանը և կիրառություններին: NV կենտրոններն իրենցից ներկայացնում են արհեստական ատոմներ՝ ներմուծված պինդմարմնային մատրիցի մեջ: Շնորհիվ պարզ ու հարմար էներգիական կառուցվածքի և կոհերենտության երկար ժամանակների այդ նյութերն այսօր օգտագործվում են բազմաթիվ առաջադեմ տեխնոլոգիական մշակումներում: Մասնավորապես, Լատվիայի համալսարանում այդ նյութի հիման վրա մշակվել է տիեզերական արբանյակների տեղորոշման համար գերզգայուն վեկտորային մագնիսաչափ, որի նախատիպը պրոֆեսոր Մարցիս Աուզինշը ներկայացրեց զեկուցման ժամանակ:

Մարցիս Աուզինշն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1986թ-ին՝ Լենինգրադի պետական համալսարանում, ապա աշխատանքի է անցել Լատվիայի համալսարանի Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1997-2002թթ․ եղել է Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի Ֆիզիկայի ամբիոնի վարիչը, 1998-2003թթ․՝ Ատոմային ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի ինստիտուտի տնօրենը, 2002-2007թթ․՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը։ 1998-2007թթ․ եղել է Լատվիայի համալսարանի Սենատի նախագահ, իսկ 2007-2015թթ․ Լատվիայի համալսարանի ռեկտոր։  2022թ-ից Լատվիայի համալսարանի Խորհրդի անդամ է։ 

Նա եղել է հրավիրված հետազոտող և պրոֆեսոր մի շարք հանրահայտ համալսարաններում (Թագավորական ընկերության պրոֆեսոր Սասեքսի համալսարանում՝ 1995թ-ին, հետազոտող Բիլեֆելդի համալսարանում՝ 1996-1997թթ-ին, պրոֆեսոր Օկլահոմայի համալսարանում՝ 1998թթ-ին, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում՝ 2005թ-ին և 2016թ-ին)։

Նրա 100-ից ավելի գիտական հոդվածները տպագրվել են բարձր հեղինակությամբ միջազգային հանդեսներում, իսկ առավել արժեքավոր արդյունքներն ամփոփվել են երկու մենագրություններում՝ «Optical Polarization of Molecules» (Cambridge University Press, 1995, 2005) և «Optically Polarized Atoms: Understanding Light-Atom Interactions» (Oxford University Press, 2010):

Մարցիս Աուզինշի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ատոմային և մոլեկուլային ֆիզիկան, քվանտային օպտիկան, ատոմների և փոքր մոլեկուլների լազերային սպեկտրասկոպիան։ 2002թ-ին նա հիմնել է Լատվիայի համալսարանի Լազերային կենտրոնը։

Մարցիս Աուզինշն ավելի քան 20 տարի սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների հետ, տպագրվել է տասնյակից ավելի համատեղ գիտական հոդված։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03․04.2024թ.