Նորություններ
27/02/2024
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտությունն այսօր» սեմինարների շարքը «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրմամբ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գիտությունն այսօր» սեմինարների շարքը, որը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը՝ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։

Սեմինարների մեկնարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց Երևանի և մարզերի դպրոցականների և ուսանողների շրջանում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկման շնորհիվ «Չընդհատված ծածկագիր. հայեր» վավերագրական գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությանն ու քննարկմանը մասնակցեց ավելի քան 300 երիտասարդ։  

«Չընդհատված ծածկագիր. հայեր» ֆիլմում ներկայացվում են հայոց ծագումնաբանության վարկածների գենետիկական ստուգման արդյունքները, գիտականորեն ապացուցվում է հայերի գենետիկական անընդհատությունը։ Ֆիլմում հանդես են գալիս գիտնականներ Հայաստանից և արտերկրից. ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Քեմբրիջի համալսարանի գենետիկ Անդրեա Մանիկան և Տարտուի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Վիլեմսը։  

  

«Ամեն ժողովուրդ ունի այն գենոֆոնդը, որը նա վաստակել է իր պատմության ընթացքում։ Մարդու գենետիկան սերտորեն կապված է այն պայմանների հետ, որոնք մեզ շրջապատում են։ Մեր ստացված տվյալներն օբյեկտիվ են, նորություն են մեր գենոֆոնդը գնահատելու համար և հաստատված են միջազգային հանրույթի կողմից», - ասաց Ռուբեն Հարությունյանը։ 

«Մենք ունենք հստակ ապացույցներ, որ հայերը բնիկ են այս տարածաշրջանում։ Մենք ապացուցել ենք, որ առնվազն 8000 տարվա ընթացքում մեր գենոֆոնդն էական փոփոխությունների չի ենթարկվել։ Մեր գենոֆոնդի ուսումնասիրությունները թույլ կտան նաև պարզաբանել շատ հարցեր՝ կապված հատկությունների, մուտացիաների, էվոլյուցիոն նշանակության հետ», - ասաց Լևոն Եպիսկոպոսյանը։ 

 

«Եթե մենք համեմատենք հնագիտությունը և գենետիկան, հնագիտությունը հետազոտում է փոփոխականը, իսկ գենետիկան՝ անփոփոխը։ Տարիների ընթացքում, երբ մենք ապրում ենք որևիցե տարածքում, այդ տարածքի նկատմամբ զգացմունքներ, ուղենիշեր են առաջանում, այդ տարածքը սկսում է շնչել, կապվածություն է առաջանում, որն ընկած է ինքնության հիմքում։ Այստեղ գենետիկան գալիս է օգնության հնագիտությանը, և այդ երկխոսության արդյունքում շատ լուրջ արդյունքներ են ստացվում», - ասաց Արսեն Բոբոխյանը։ 

 

Հանդիպման ժամանակ ծավալվեց հարցուպատասխան։ Դպրոցականներն ու ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ մասնագետներին ուղղելով բազմակողմանի հարցեր, հանդես գալով ելույթներով՝ սկսած հայերի ծագումնաբանության հարցերից մինչև գենետիկական առանձնահատկությունները:  

2024 թվականի ընթացքում ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը կանցկացնի առնվազն 8 հանդիպում, որոնց մասին տեղեկատվությունը նախապես հասանելի կլինի ՀՀ ԳԱԱ կայքում և սոցիալական ցանցերում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.02.2024թ.