Նորություններ
19/09/2017
Մեկնարկեց «Լազերային Ֆիզիկա – 2017» միջազգային գիտաժողովը

    Սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անցկացնում են «Լազերային Ֆիզիկա – 2017» միջազգային գիտաժողովը: 
    Գիտաժողովում ներկայացվում են լազերների ֆիզիկայի, նոր լազերային նյութերի, ոչ գծային օպտիկայի, լազերային սպեկտրասկոպիայի, ատոմային ֆիզիկայի, քվանտային և նյութական ալիքների օպտիկայի, քվանտային տեղեկատվության, կառուցվածքավորված և սցինտիլյացիոն նյութերի օպտիկայի ոլորտներում վերջին տարվա ընթացքում ստացված գիտական արդյունքները:
    Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 90 գիտնական և ուսանող Հայաստանի, ինչպես նաև Բելգիայի, Իսրայելի, Իտալիայի, Իրանի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Քուվեյթի և Ֆրանսիայի  գիտական կազմակերպություններից և ԲՈՒՀ-երից: Ներկայացված է 35 բանավոր և շուրջ 40 ստենդային զեկուցում:
    «Լազերային Ֆիզիկա» գիտաժողովն ավանդաբար առանձնանում է քննարկումների առարկայական և ոչ ֆորմալ բնույթով, ինչը նպաստում է նոր գիտական կապերի հաստատմանը, առկա կապերի ամրապնդմանը և միջազգային գիտական նախագծերի նախաձեռնմանը:

    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   19.09.2017թ.