Նորություններ
08/12/2023
«Հորիզոն Եվրոպա» ծրագրում Հայաստանն առաջընթաց է գրանցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը՝ Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ։

«Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի կազմակերպությունների մասնակցությունը գիտանորարարական նախագծերում», - իր ողջույնի խոսքում նշեց Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ նշելով, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում պետք է լինել ակտիվ և օգտագործել ընձեռված հնարավորությունները։


ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը շեշտեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կարևորությունը Հայաստանի գիտահետազոտական համայնքի համար։  ««Հորիզոն Եվրոպա»-ն մրցունակ ծրագիր է, և համարժեք մասնակցություն ունենալու համար հայկական գիտահետազոտական ինստիտուտներն ու համալսարանները պետք է իրականացնեն համաշխարհային մակարդակի հետազոտություններ, ակտիվ ներգրավված լինեն միջազգային համագործակցության մեջ։ Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների ուժեղացմանը՝ որպես եվրոպական ծրագրերի հիմնական շահագրգիռ կողմերի: Այս առումով դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու։ Վստահ եմ, որ գիտության և նորարարության ոլորտում իրականացվող ծրագրերը, ֆինանսավորման զգալի ավելացումը, գիտության միջազգայնացմանն ուղղված քայլերը կհանգեցնեն դրական արդյունքների և ավելի ակտիվ մասնակցության եվրոպական ծրագրերում», - ասաց Արթուր Իշխանյանը։

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Անն Հագլունդ-Մորիսին նշեց, որ Եվրոպական միությունը կարևորում է համագործակցությունը նորարարությունների ոլորտում՝ հաղթահարելու գլոբալ մարտահրավերները՝ ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, «Քովիդ-19» համավարակը, խաղաղության, ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները։

«Հայաստանը մեկն է այն երկրներից, որն ունի հետազոտությունների և նորարությունների համար համագործակցության հնարավորություններ։ Ուրախությամբ նշեմ, որ «Հորիզոն 2020»-ին Հայաստանն ունեցել է ակտիվ մասնակցություն։ Շնորհավորում եմ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացման համար։ Ուրախ եմ նշել, որ Հայաստանն արտոնյալ խմբում ներառված 17 պետություններից մեկն է», - ասաց Անն Հագլունդ-Մորիսին։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը և մրցույթները, Հայաստանի գիտանորարարական կազմակերպությունների և անհատ գիտնականների մասնակցության հնարավորությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրում և նրա ենթածրագրերում՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունները», «Մասնակցության ընդլայնում և եվրոպական հետազոտական տարածքի հզորացում», «Նորարարությունների Եվրոպական Խորհուրդ», «COST գործողություններ»։ 

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027 թվականների համար: Շուրջ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․12․2023թ․