| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը։ Հիմնադրամի ստեղծման նպատակը, հիմնախնդիրները և նախատեսվող գործունեությունը ներկայացրին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման հարցը ծագեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին՝ պատվիրելով իր ակադեմիական համակարգի երեք ինստիտուտներին գիտական նախադրյալներ ստեղծել՝ իբր Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ «Որոշվեց ստեղծել հատուկ կառույց, որը պետք է գիտականորեն հիմնավորված արձագանքի հակահայկական քարոզչությանը, մեր պետության տարածքային պատկանելիության, պատմության, մշակույթի վերաբերյալ հայտարարություններին», - ասաց Աշոտ Սաղյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հակահայկական քարոզչությանը հակազդելու աշխատանքներ ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում մշտապես կատարվել են, և այսօր պետք է ակտիվացնել այդ գործունեությունը՝ հիմքում ունենալով գիտական փաստեր և վերլուծություններ։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը թվեց հիմնադրամի նպատակները։ «Հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել Հայաստանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և ԲՈՒՀ-երում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և գիտավերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։ Հիմնադրամի նպատակներից են՝
«Մենք ունենք գիտական մեծ ներուժ արտերկրում։ Կան հայագիտական կենտրոններ, կան շատ գիտնականներ, վերլուծաբաններ, բայց միասնական գիտավերլուծական հարթակ, որը կարող է միավորել այդ գիտնականներին, չունենք։ Մեր հարևաններն ինտենսիվ քաղաքականություն են վարում՝ յուրացնելու համար տեղաբնիկ ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Մեր գիտնականները ծավալուն աշխատանք են տանում այդ ամենին հակազդելու համար, բայց կարիք կա մեկտեղելու այդ աշխատանքները և միասնական ուժերով հակազդելու, ներկայացնելու մեր մշակույթը, մեր պատմությունը գիտական օբյեկտիվ վերլուծությունների, գիտական փաստերի հիման վրա», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։ Նա նշեց, որ հիմնադրամն ունի հնարավորություն գիտական պատվերներ տալու հայաստանյան և արտերկրի գիտնականներին՝ մեր պետության համար անհրաժեշտ թեմաների վերաբերյալ։ Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների, պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ջանքերի զուգակցմամբ։ |