Նորություններ
23/11/2023
«Արևիք. պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողով՝ Մեղրիում

Սույն թվականի նոյեմբերի 17-18-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի է ունեցել «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:

 

Գիտաժողովը բացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Այնուհետև, Աշոտ Մելքոնյանը հանդես է եկել Հայաստանի պատմամշակութային և աշխարհաքաղաքական հոլովույթում Արևիք-Մեղրիի ունեցած դերին նվիրված զեկուցմամբ: Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրել է «Մեղրիի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ որպես Հայաստանի հարավային դարպաս» զեկուցումը։ 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է ընդհանուր 30 զեկուցում, որոնք նվիրված էին Սյունիքի պատմական Արևիք գավառի՝ ներկայիս Մեղրու ենթաշրջանի պատմամշակութային ժառանգությանն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին, Արևիքի պատմագիտությանն ու մշակութաբանությանը։ Ներկայացվել են հնամշակութաբանական և աղբյուրագիտական-տեղանվանագիտական, Արևիք գավառի ամրոցաշինությանը, ճարտարապետությանը, նոր շրջանում սահմանների ձևավորմանը և նշանավոր մեղրեցիներին նվիրված զեկուցումներ: Բանախոսները զեկուցումներում անդրադարձել են տարածաշրջանի եկեղեցիների հորինվածքին, նկարազարդումներին, խաչքարային վիմագրություններին, հուշարձանների աղբյուրագիտական հիշատակումներին ու տեղադրությանը:

 

Գիտաժողովին հաջորդել է աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվել են Մեղրու շրջանի մշակութային, զբոսաշրջային զարգացման հեռանկարները, Մեղրու Սուրբ Հովհաննես վանքի 2016-2020թթ. պեղումների արդյունքները, 2021-2023թթ. իրականացված «Մեղրու տարածաշրջանի հուշարձանների ուսումնասիրություն» ծրագրի արդյունքները:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են Մեղրու Մեծ Թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Կարճևան գյուղի եկեղեցի, ծանոթացել գյուղի պատմական հուշարձաններին ու ժողովրդական ճարտարապետությանը, այցելել՝ Ծոր բնական հուշարձան-ջրվեժի տարածք, Վահրավար գյուղ և Կարմիր վանք, Մեղրու Փոքր Թաղ, Շվանիձոր գյուղ՝ տեսնելու միջնադարյան ջրանցույցը և հին գյուղի ավերակները: 

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը, աջակիցներն ու գործակիցներն են Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը և «Երկիր և մշակոյթ» համազգային կազմակերպությունը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․11․2023թ․