Նորություններ
18/09/2023
Հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին։

Գիտական նստաշրջանին զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը (Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիա, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա, ՌԴ)՝ «Ամենածանր միջուկները և ատոմները/Heaviest Nuclei and Atoms» թեմայով։ 

Զեկուցումներ կներկայացնեն Վիկտոր Համբարձումյանի անվան 2020 թվականի միջազգային գիտական մրցանակի դափնեկիրները։ Ալեքս Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ) կներկայացնի «Ճողփյուններ Տիեզերքում. Տիեզերքի տատանումների սպեկտրի չափումը/Ripples in the Cosmos: Measuring the Fluctuation Spectrum of the Universe» զեկույցը։ Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ) հանդես կգա «Միջուկային կոլապսով գերնորերի եռաչափ պայթյունների առաջացման տեսությունը/The Emerging Theory of Three-Dimensional Core-Collapse Supernova Explosions» զեկուցմամբ։ Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա) կներկայացնի «Աստղերի ներսում․ աստղերի ընդերքի հիդրոդինամիկական սիմուլյացիաներով բացահայտված գաղտնիքները/Inside Stars: secrets revealed by multi-dimensional hydrodynamical simulations of stellar interiors» զեկուցումը։ 

Հոբելյանական գիտական նստաշրջանին կմասնակցի Արտեմ Օգանովը (Գիտության և տեխնոլոգիայի Սկոլկովոյի ինստիտուտ, Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան ՄԻՍԻՍ, Մոսկվա, ՌԴ)՝ «Մոլեկուլների և բյուրեղների կանխատեսում ու մեկնաբանում/Predicting and explaining molecules and crystals» զեկուցմամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․09․2023թ․