Նորություններ
11/09/2023
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Արամ Խաչատրյան - 120» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 1-րդ հարկ) կմեկնարկի «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողովը։ 

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ ԱՄՆ-ից,  Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

Արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։ 

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․09․2023թ․