Նորություններ
07/08/2023
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը

Սույն թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կանցկացվի «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին։ 

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության ուղիները, կստորագրվի համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի միջև։ Այնուհետև կբացվի «Ծովային Մետաքսի ճանապարհ. Յոթ նահանգների մշակութային մասունքների համատեղ ցուցահանդեսը»։

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի, պետական մարմինների, Հայ-չինական գործընկերության կենտրոնի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի պատվիրակության ներկայացուցիչներ։

«Գոտի և ճանապարհը» կամ «Նոր Մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից 2013թ-ին ընդունված նախաձեռնություն է, որն ուղղված է ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրի խթանմանը և ներդրումներին: Այն նպատակ ունի խորացնել առևտրատնտեսական և մշակութային կապերը Չինաստանի և նախաձեռնությանն անդամակցած երկրների միջև, որոնց թիվը հատել է 140-ը: Հայաստանը կապված է այս ճանապարհի հետ. «Մետաքսի ճանապարհի» մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախիջևան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստներ և Եվրոպա։

Չինական «Թեյի ճանապարհը» գործել է 17-րդ դարի կեսերից սկսած մոտ երեք դար՝ տարածվելով ողջ Եվրասիա մայրցամաքում: Այն նույնպես զգալի դերակատարություն է ունեցել մշակույթի, պատմության և առևտրի բնագավառներում: Չինական աղբյուրների համաձայն՝ «Թեյի ճանապարհի» ամենահին երթուղիներից մեկը սկսվել է Սիմեյ գյուղից, որը գտնվում է Վույ լեռան ստորոտում և անցել է Մոնղոլիայով, Իրանով, Հայաստանով և, հատելով Կովկասյան լեռները, հասել է մինչև Մոսկվա:

«Ծովային Մետաքսի ճանապարհը» խաղաղության ճանապարհ էր, որը կապում էր Արևելքի և Արևմուտքի հին քաղաքակրթություններն առևտրի, մշակույթի և արվեստի փոխանակման միջոցով: Այն ձգվում էր Արևելյան Ասիա, Հարավ-արևելյան Ասիա, Հարավային Ասիա, Առաջավոր Ասիա, Աֆրիկայի արևելք և Կարմիր ծովով հասնում Եվրոպա՝ միացնելով ճանապարհի երկայնքով գտնվող բազմաթիվ նավահանգիստներ: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 9-ին։ Կներկայացնեն զեկուցումներ երկրաբանության, հնագիտության, երկրագիտության, աշխարհագիտության, մշակութաբանության, արվեստագիտության, պատմագիտության, թանգարանագիտության վերաբերյալ։ 

«Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․08․2023թ․