Անվանի հայագետ-բանասեր, մշակութային գործիչ, գրադարանագետ և խմբագիր Ժիրայր Դանիելյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեության համար: Որոշումն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության հունիսի 21-ի նիստում:
Ժիրայր Դանիելյանը Լիբանանում բնակվող սփյուռքահայ հանրաճանաչ և հեղինակավոր հայ մտավորականներից է, որի ամբողջ գործունեությունն ի սպաս է դրվել Սփյուռքի և հայրենիքի համար կենսականորեն անհրաժեշտ հայապահպանության ազգաշեն գործին:
Ժիրայր Դանիելյանի «Հայ մամուլի հաւաքածոյ», «Ռամկավար ազատական մամուլը», «Հայ նոր պարբերական մամուլը. 1967-1981» աշխատությունները նվիրված են հայ մամուլի բազմածալ պատմության և մատենագիտության հիմնահարցերին: «Լիբանանահայ տպագրությունը պատերազմի տարիներին. 1975-1984» ուսումնասիրությունը ներկայացնում է արաբական աշխարհում հայ տպագրության պատմության մի ամբողջ փուլ:
Ժիրայր Դանիելյանը «Բանասիրական որոնումներ», «Գրական որոնումներ» և «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» աշխատություններում ի հայտ է բերել ազգային գրականության զարգացման ընթացքի նրբաճաշակ ըմբռնումներ, գրականության մեջ ավանդականի և արդիականի և՛ հակասական, և՛ ներդաշնակ դրսևորումների անվրեպ բացահայտումներ:
Ժիրայր Դանիելյանը շուրջ քառորդ դար պաշտոնավարել է Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական գրադարանում:
Նա տարբեր տարիներին դասախոսական աշխատանք է կատարել Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնում, ՀԲԸՄ Հյուսիսային հայագիտական կենտրոնում, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դպրեվանքի և կրթական–հայագիտական դասընթացներում:
Ժիրայր Դանիելյանը արժանացել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալի, Հայաստանի գրողների միության շքանշանի, Թեքեյան մշակութային միության Ուզունյան գրական մրցանակի, Լիբանանի կառավարության պարգևի:
22.06.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն