Նորություններ
21/04/2023
ՀՀ ԳԱԱ-ի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2022թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: 

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները. 

  1. «Թուրքիա-Սիրիա 06.02.2023թ. կործանարար երկրաշարժերը և դրանցով պայմանավորված Տավրո-Կովկասի սեյսմիկության անոմալ դրսևորումները» (Զեկ.՝ ե.գ.թ. Ջ.Կ.Կարապետյան)
  2. «Դեյտերացված կետոնների և ացետիլենի ստացումը և դրանց ուսումնասիրումը ՄՄՌ սպեկտրոսկոպիայի եղանակով» (Զեկ.՝ ք.գ.թ. Ա.Ա.Շահխաթունի)
  3. «Գոնդվանայի մաս հանդիսացող Հարավ-հայկական միկրոցամաքի հյուսիսային ծայրամասի երկրադինամիկական էվոլյուցիան ռեգիոնալ մասշտաբում՝ գրանիտոիդային մագմատիզմի նոր տվյալների հիման վրա» (Զեկ.՝ ե.գ.թ. Ղ.Լ.Գալոյան)
  4. «Ֆունկցիոնալացված 2D նյութերի (գրաֆենի օքսիդ և MoS2) հեղուկ բյուրեղային փուլի ստացումը և բնութագրումը» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Հ.Ս.Ղարագուլյան)
  5. «LiPO3-NaF-R2O3(R-Al,B) համակարգերի հիման վրա դիէլեկտրիկ ապակեկերպ ծածկույթների կառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկաքիմիական հատկությունները» (Զեկ.` ք.գ.թ. Ա.Ա.Զանգինյան)

ՀՀ ԳԱԱ-ի Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն):

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 19 արտասահմանյան անդամ: 

2022 թվականին բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 210 հոդված (122-ը՝ միջազգային ամսագրերում), 82 թեզիս (45-ն՝ արտասահմանում), 8 մենագրություն (5-ն՝ արտասահմանում) և ստացվել է 3 արտոնագիր:

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ 

  • Դիտարկվել են ՀՀ տարածքում երկրամագնիսական դաշտի դիտարկումների արդյունքները տեկտոնական երկրաշարժերի նախապատրաստման բնույթի հետազոտման և երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսման խնդիրների լուծման նպատակով: Մանրամասն վերլուծությունների արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկրաշարժերից անմիջապես առաջ հայտնաբերել մագնիսական դաշտի վարիացիաների առաջացման նոր երևույթներ:
  • Արագած լեռան հյուսիսային տարածքում իրականացվել են հետազոտություններ համալիր ջրարերկրաֆիզիկական մեթոդների օգտագործմամբ հրաբխային տարածքների ստորերկրյա ջրերի տարածական բաշխվածության օրինաչափությունների պարզաբանման և հնարավոր հնագետահուների հայտնաբերման նպատակով: Որոշվել է տարածքի ռեգիոնալ ջրամերժ ապարների տարածական դիրքը, պարզաբանվել է լեռնազանգվածի հյուսիսային հատվածի ստորերկրյա ջրերի տարածական բաշխվածությունը, առաջարկվել է հայտնաբերված հնագետահուների տեղամասերում իրականացնել ջրաերկրաբանական հորատանցքերի տեղադրում ստորերկրյա ջրերի հայտնաբերման և օգտագործման նպատակներով:
  • Օգտագործելով տարածաշրջանի գործիքային գրանցումների (ալիքային պատկերների) տվյալները՝ Կովկասի ամբողջ տարածքի համար լուծվել է սեյսմիկ տոմոգրաֆիայի խնդիրը: Ստացված արդյունքների հիման վրա առանձնացվել են «տաք» և «սառը» տարածքները, որոնք կապվել են գեոթերմալ աղբյուրների և երկրաբանական (այդ թվում տեկտոնական ակտիվության) պրոցեսների հետ:
  • Բնապայման փորձարկումների միջոցով հետազոտվել են Երևան քաղաքում շահագործվող բազմաթռիչք կամուրջի դինամիկ բնութագրերը: Հետազոտությունների արդյունքում բացահայտվել են կամուրջի աշխատանքի առանձնահատկություններ: 

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Կառուցվել են կենսահակաօքսիդիչներով՝ տոկոֆերոլներով արգելակված մոդելային լիպիդ մեթիլլինոլեատի օքսիդացման ռեակցիայի մանրակրկիտ կինետիկական մեխանիզմները և թվային մոդելավորման արժեքային եղանակով բացահայտվել է տարբեր պայմաններում դրանց տարբերիչ ազդեցության քիմիական բնույթը։ Այս տվյալները կարող են կիրառվել կենդանի օրգանիզմներում և սննդի մեջ վիտամին E-ի հակաօքսիդիչային ազդեցության մասին պատկերացումների խորացման համար:
  • Պղնձի, նիկելի և քրոմի օքսիդների հիմքով կատալիզատորների փորձարկումներով ացետոնի անբոց այրման լաբորատոր ռեակտորում բացահայտվել է, որ պղնձի և դրա օքսիդի հիման վրա կատալիզատորները ցուցաբերում են առանձնակի բարձր ակտիվություն և կայունություն։ Համաձայն էլեկտրոնային մանրազնության հետազոտությունների՝ ռեակցիայի ընթացքում դրանց մակերևույթներին առաջանում են միկրոնային չափերով կարգավորված կառուցվածքներ։
  • Իմպուլսային լազերային փոշենստեցման և հիդրոթերմալ եղանակների համադրությամբ մշակվել է ընդգծված բյուրեղագրական կողմնորոշմամբ ZnO-ի նանոձողերի ստացման եղանակ՝ կենսաբանական և գազային տվիչների, ինչպես նաև ֆոտոդեդեկտորների բնութագրական պարամետրերի լավարկման նպատակով։ Միկրոկառուցվածքային և մորֆոլոգիական հետազոտությունները ցույց են տվել 002 բյուրեղագրական կողմնորոշմամբ, հեքսագոնալ հատույթի կտրվածքով 80 նմ լայնական չափերով և 1-1,5 մկմ բարձրությամբ նանոձողերի համասեռ բաշխում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիատեխնոլոգիական կենտրոն

  • Ուսումնասիրվել է դեյտերիումի իզոտոպի ազդեցությունը ՄՄՌ պարամետրերի վրա իզոտոպային տեղակալման ժամանակ ալկիլ-, ֆենիլկետոնների շարքում և ացետիլենում։ Ընտրվել են դեյտերոփոխանակման ռեակցիաների այնպիսի պայմաններ, որը թույլ է տալիս միաժամանակ դիտարկել ուսումնասիրվող մոլեկուլի գրեթե բոլոր ջրածին/դեյտերիում իզոտոպոմերները։ Հետազոտությունների արդյունքում մշակվել է համապատասխան ուղեցույց, որի օգնությամբ, ելնելով համապատասխան ՄՄՌ ազդանշանների ինտենսիվությունից, հնարավորություն է ստեղծվում գնահատել տարբեր իզոտոպոմերների հարաբերությունները մասնակի դեյտերացված մոլեկուլների ՄՄՌ ջրածնային և ածխածնային սպեկտրերում: 

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Մշակվել է սերպենտին (Mg(Fe))6[Si4O10](OH)8 պարունակող հանքաքարի թթվային մշակման նոր եղանակ և որոշվել են մշակման արդյունավետ պարամետրերը սերպենտինային միներալներից մագնեզիումի միացությունների բարձր ելք ապահովելու նպատակով։ Որոշվել է մագնեզիումի ելքի կախվածությունն ապարի հանքաբանական կազմից, մշակման ջերմաստիճանից և ժամանակից։ Հաստատվել է նյութերի առավել արդյունավետ փոխազդման ժամանակահատվածը (30 րոպե), որն ապահովում է մագնեզիումի մոտ 95% ելք: Պարզվել է, որ քրիզոտիլը և լիզարդիտն ապահովում են մագնեզիումի ավելի բարձր ելքեր, քան անտիգորիտը: Կարևորվել է սերպենտինիտի հանքաբանական բաղադրության որոշումը մինչ թթվային մշակում իրականացնելը։ Մշակման այս նոր մոտեցումը կարելի է համարել սերպենտինացված ապարների արդյունավետ մշակման այլընտրանքային տարբերակներից մեկը: 
  • Ուսումնասիրվել են TiO2-Al2O3-SiO2-MeO/MeF2(Me-Mg,Ba) համակարգերում ապակեացման, կոմպոնենտների գոլորշիացման պրոցեսները և թերմոդինամիկական հատկությունները բարձր ջերմաստիճանային զանգվածասպեկտրաչափական եղանակով: Պարզվել է SiO2-ի ընտրողական թռչելիությունը 1650ՕC-ից բարձր ջերմաստիճաններում: Ստացված արդյունքները կիրառվել են համակարգերի Գիբբսի ավելցուկային էներգիայի և ապակեկերամիկայի տարածական կառուցվածքում առաջացած տարբեր տիպի քիմիական կապերի հարաբերական քանակների հաշվարկման համար: Կատարվել է բարձրջերմաստիճանային ապակեկերամիկայի բաղադրությունների մոդելավորում ֆտորիդներ պարունակող Al2O3-SiO2-ZrO2 համակարգի հիմքով: Մշակվել է Eu2+ իոններ պարունակող սպեկտորի կապույտ տիրույթում ինտենսիվ լյումինեսցենտող ապակեկերամիկա, ինչը համապատասխանում է եվրոպիումի իոնների 5d-4f7 անցմանը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Քաջարանի հանքային դաշտի և պղինձ-մոլիբդեն պորֆիրային հանքավայրի մանրակրկիտ երկրաբանաստրուկտուրային հետազոտությունները ցույց են տվել, որ նշված դաշտի տեկտոնական էվոլյուցիան տեղի է ունեցել երկու առանձին փուլերով՝ ուշ օլիգոցենում և վաղ միոցենում, որոնք համապատասխանում են Արաբական և Եվրասիական սալերի կոլիզիոն-հետկոլիզիոն էվոլյուցիային և մագմատիզմին: Ուշ օլիգոցենի փուլը բնութագրվում է հյուսիս-արևելյան և միջօրեական տարածման ստրուկտուրաների ակտիվությամբ, որոնք հանքային դաշտի սահմաններում վերահսկում են վաղ դայկաների ներդրումը Լեռնաձորի և Բաղաջուրի բեկվածքների երկայնքով: Այս փուլի հետ է կապված պղինձ-մոլիբդեն պորֆիրայի շտոկվերկի ձևավորումը (26.4-27.3 Ma), որում հանքային երակների տարածման ուղղությունները համընկնում են հանքային դաշտում ուշ օլիգոցենի դայկաների տարածման ուղղությունների հետ:
  • 2022թ. ինստիտուտը IRIS (Incorporated Research Institutions for Seismology) միջազգային սեյսմոլոգիական կենտրոնում գրանցվել է որպես միջազգային հայկական սեյսմիկ ցանց A2 անվանմամբ։ Նշված ցանցում ներառված 7 սեյսմիկ կայաններից գրանցումներն ուղիղ միացմամբ (Real_Time) ուղարկվում են IRIS միջազգային սեյսմոլոգիական կենտրոն։
  • Իրականացվել են ժամանակակից գործիքային ժամանակաշրջանում Երևանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի վերլուծական հետազոտություններ։ Մշակվել, վերլուծվել և մեկնաբանվել են 2021թ. փետրվարի 13-ի երկրաշարժի օջախի պարամետրերը և ֆոկալ մեխանիզմը: M4.9 մագնիտուդով երկրաշարժը բնութագրվում է կողաշարժի բաղադրիչ ունեցող վրաշարժի խզվածքի մեխանիզմով: Բացի այդ, Երևանի անմիջական մոտակայքում մեկ դարի ընթացքում տեղի ունեցած պատմական սեյսմիկության վերլուծության արդյունքում ցույց է տրվել, որ Երևանյան խզվածքը և Փարաքարի ենթախզվածքը սեյսմիկորեն ակտիվ համակարգեր են։

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ)

  • Նախագծվել է մշտադիտարկման պայմաններում աշխատող կոմբինացված եռաբաղադրիչ (X,Y,Z) սեյսմիկ տվիչ, որի փորձնական նմուշը ներդրվել է ռեգիոնալ սեյսմիկ կայանների կազմակերպման գործում:
  • Վլադիկովկասի և Կարմադոնի երկրաֆիզիկական փորձնական պոլիգոնում կազմակերպվել է ԵԻՍԻ-ի արտադրության ստացիոնար սեյսմիկ կայանը:
  • ՀՀ հյուսիսային մասում ստեղծվել է ստացիոնար առաջին դասի GNSS երկրադինամիկական կայանը:

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

  • Տաքացման մեծ արագությունների պայմաններում ստացվել են AlCo-ով հարուստ երկրորդ սերնդի բարձրէնտրոպիական համաձուլվածքներ, որոնք օժտված են օդում մինչև 1200oC գերազանց ջերմակայունությամբ։ Լուծույթների այրման սինթեզի եղանակով ստացված միաֆազ MnFeCoNiCu բարձրէնտրոպիական համաձուլվածքը կարծրությամբ կրկնակի անգամ գերազանցել է վակուումային աղեղային հալման միջոցով ստացված անալոգ համաձուլվածքին։ 
  • Մշակվել է վոլֆրամով լիգիրված ցինկի օքսիդի թիրախների պատրաստման բարձր ճնշումային մամլման և վառարանային եղանակով թրծման եղանակ: Ցույց է տրվել, որ վոլֆրամի լեգիրմաբ ցինկօքսիդային բյուրեղացանցում դիտվում են ցինկի վոլֆրամատի (ZnWO4) առաջացում, որն ընթանում է ZnO(պ) + WO3(գ) մեխանիզմով: ZnO/WO3 թիրախներում WO3–ի կոնցենտրացիայի և ջերմային ռեժիմի պայմանների փոփոխությամբ հնարավոր է հասնել համասեռ ZnO/ZnWO4 համակարգի ստացման: Այդպիսի թիրախների պատրաստումը հնարավորություն է ընձեռնում ֆիզիկական փոշենստեցման եղանակներով ստանալ նախընտրելի բնութագրերով նանոկառուց-վածքային թաղանթներ՝ սենսորիկայում կիրառման նպատակով (մասնավորապես, ZnO-WO3 համակարգն ունի բարձր զգայունություն CO և NO2 գազերի նկատմամբ)։

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիատեխնոլոգիական կենտրոն

  • Գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարում տարեցտարի լայնորեն կիրառվում են ֆերոմոնային կենսաթակարդները՝ որպես ազդող նյութ օգտագործելով տվյալ վնասատու միջատի կողմից արտազատվող, սինթետիկ ճանապարհով ստացվող սեռական ֆերոմոնը։ Նշված ֆերոմոններից մեկը արևելյան պտղակերի ֆերոմոնն է: Իրականացվել է արևելյան պտղակերի ֆերոմոնի ամբողջական սինթեզ: 

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Մշակվել է դանդաղ գործող կոմպլեքսային պարարտանյութերի ստացման նոր տեխնոլոգիա Հայաստանի դացիտային տուֆերից: Ստացված դանդաղ գործող պարարտանյութի կիրառման արդյունքում, որը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ակտիվ սիլիցիում, նկատվել է հողի և բերքի ագրոքիմիական ցուցանիշների նշանակալի բարելավում:
  • Սինթեզվել են սպեկտորի ինֆրակարմիր տիրույթում բարձր թափանցելիությամբ օքսիֆտորիդային գերմանատային և սիլիկատային ապակիներ, որոնք առանձնանում են նաև բեկման ցուցիչի և հարաբերական դիսպերսիայի արժեքների փոփոխության լայն տիրույթով, դյուրահալությամբ և բյուրեղացման նկատմամբ բարձր կայունությամբ` կիրառելի ժամանակակից օպտիկայի, օպտոէլեկտրոնիկայի և օպտիկական սարքաշինության բնագավառներում:
  • Մշակվել է MeF2-MgO–Al2O3TiO2–SiO2 համակարգի հիմքով նոր ապակի, որի մակերևույթը մոդիֆիկացվել է արծաթի իոններով՝ կիրառելի ուլտրամանուշակագույն սպեկտրի լայն տիրույթում (200÷400 նմ) որպես ճառագայթման լայնաշերտ ընտրովի սենսոր։ Պարզվել է, որ արծաթի մոլեկուլային կլաստերները տեղաբաշխված են ապակու մակերևութային շերտում, ունեն համընկնող կլանման գոտիներ, որոնք գտնվում են սպեկտրի լայն տիրույթում՝ 250-410 նմ, և ունեն համապատասխան լյումինեսցենտային գոտիների տիրույթ՝ 380-610 նմ:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • «Հայնախագիծ» ՓԲԸ հետ համատեղ կատարվել է Շիրակի մարզի 33 բնակավայրի ինժեներաերկրաբանական շրջանացում՝ ըստ վտանգավոր երկրաբանական պրոցեսների:
  • Տարբեր մասշտաբի տոպոքարտեզների և արբանյակային տվյալների համադրությամբ մշակվել է Արարատյան դաշտի բարձր լուծաչափի ռելիեֆի թվային մոդել:
  • Շարունակվել է սեյսմիկ ցանցի ընդլայնումը ՀՀ տարածքում։ Իրականացվել է գործող շուրջ 50 սեյսմիկ կայանի սպասարկում, սեյսմիկ կայաններից գրանցումների հավաքագրում, արխիվացում։ Սեյսմիկ ցանցից ստացված տվյալների հիման վրա կատարվել է մինչև 2021թ. երկրաշարժերի կատալոգի լրացում և ճշգրտում, ինչպես նաև ստացված արդյունքների կիրառմամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացում։ 
  • Աջափնյակ համայնքի տարածքում գեոռադարային երկչափ (2D) և եռաչափ (3D) հանույթների հետ համատեղ կիրառելով աէրոֆոտոհանույթ՝ անօդաչու թռչող սարքի, ինչպես նաև ռետրոսպեկտիվ վերլուծությունների, աէրոլուսանկարների միջոցով իրականացված աէրոլուսահանույթի վերծանումը ցույց է տվել, որ նշված տեղամասում առկա են ռելիեֆի անհարթություններ, ոչ բնական բարձրացումներ, գոգավորություններ և երկրաբանական ձևախախտումներ։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.04.2023թ.