Նորություններ
14/04/2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը

Կյանքից հեռացել է անվանի մաթեմատիկոս և շախմատիստ, գիտության, կրթության և սպորտի հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը: 

Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում և նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Ոսկե մեդալով ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1959թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը մաթեմատիկա մասնագիտությամբ: Սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ, ստացել հիմնարար արդյունքներ մերոմորֆ ֆունկցիաների եզրային հատկությունների վերաբերյալ: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1963թ. ԽՍՀՄ ԳԱ Վլադիմիր Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում: Կոմպլեքս անալիզում մերոմորֆ ֆունկցիաների տեսության բնագավառում ճանաչում գտած իր մաթեմատիկական արդյունքների հիման վրա Վանիկ Զաքարյանը 1976թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1979թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են «Классы и граничные свойства мероморфных в единичном круге функций», М., Наука,1993, մենագրությունում և ավելի քան 150 գիտական և գիտամեթոդական աշխատանքներում:

1990թ. Վանիկ Զաքարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.՝ ակադեմիկոս: 

1962-1977թթ. Վանիկ Զաքարյանն աշխատել է ԵՊՀ-ում, ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

1975թ-ից Վանիկ Զաքարյանն աշխատում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, սկզբում որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի, այնուհետև մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ, ֆակուլտետի դեկան, պատվավոր պրոֆեսոր: Ամենուրեք կարողացել է ստեղծել համերաշխ և ստեղծագործ աշխատանքային կոլեկտիվներ:

Գիտական և դասախոսական գործունեությանը զուգահեռ մեծ եռանդ ու ջանք է ներդրել երիտասարդ, որակյալ մասնագետների պատրաստման գործում հատկապես «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ: Երկար տարիներ նախագահել է մաթեմատիկայի գծով գիտական կոչումներ շնորհող ԵՊՀ 050 Մասնագիտական խորհուրդը, այնուհետև՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 053 Մասնագիտական խորհուրդը:

Ակադեմիկոս Զաքարյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտամեթոդական խորհուրդը: Նրա լայն գիտական էրուդիցիան հնարավորություն է տվել բարձր մակարդակով ղեկավարել երկու գիտական պարբերականներ՝ «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» և իր կողմից հիմնադրված «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում»:

Վանիկ Զաքարյանը նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ էր շախմատի գծով,  Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն: 1990թ-ից Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահն էր, 1994թ-ից՝ նախագահը, 2004թ-ից՝ պատվավոր նախագահը: 1996 թ. նա ընտրվել է ՖԻԴԵ–ի փոխնախագահ և բազմիցս վերընտրվել է այդ պաշտոնում:

Վանիկ Զաքարյանի գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի կառավարության կողմից: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի» մեդալներով, արժանացել է «ՀՀ ֆիզիկական  կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը:

ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, Մաթեմատիկայի ինստիտուտը խորապես սգում են նշանավոր գիտնականի կորուստը և ցավակցում նրա հայեցի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին:

Բարի հիշատակ վաստակաշատ գիտնականին ու հայրենանվեր քաղաքացուն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.04.2023թ.