Նորություններ
14/04/2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964 թվականին՝ մայիսի 18-ին, Վանաձոր քաղաքում: 1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989 թվականից աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1990-1992 թվականներին եղել է «Լուսավորիչ» թերթի գլխավոր խմբագիրը: Մասնակցել է Արցախյան ազատամարտին, 1994 թվականի մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 1993-2009 թվականներին աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի ձեռագրատան վարիչ: 2009 թվականի դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրենը, իսկ 2015 թվականի մայիսից՝ ինստիտուտի տնօրենը: Վարդան Դևրիկյանը հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:

Վարդան Դևրիկյանը մեծ ավանդ ունի հայ գրականագիտության, հետազոտական աշխատանքների կազմակերպման և միջազգային կապերի զարգացման գործում։ 

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ