Նորություններ
11/04/2023
ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտը կնքել են համագործակցության պայմանագիր

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր՝ դատական փորձաքննությունների ոլորտում առկա կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Մարի Աննա Նաուերն ընդգծել են դատական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման, ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների խթանման կարևորությունը՝ շեշտը դնելով հոգեբանաձեռագրաբանական և հոգեբանական փորձաքննությունների ոլորտում բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտաժողովների, դասընթացների անցկացման կարևորության վրա։ 

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է հոգեբանաձեռագրաբանական և հոգեբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտությունների կատարում, գիտական աշխատանքների արդյունքների հրատարակման օժանդակություն, արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ ախտորոշիչ նոր մեթոդների մշակում և գիտամեթոդական առաջընթացի ապահովում, գիտական և գործնական խնդիրների լուծմանն ուղղված խորհրդատվությունների տրամադրում, փորձագետների վերապատրաստման և կատարելագործման փոխանակային ծրագրերի իրագործում, ձեռագրի վերլուծության միջոցով անձի հոգեբանական և անձնային առանձնահատկությունների կամ հուզական վիճակի գնահատման չափանիշների մշակում, այլ արդիական ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացում: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.04.2023թ.