Նորություններ
24/03/2023
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ՌԴ Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը և ՌԴ Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Դմիտրի Շյոգոլևը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորեց երկու գիտակրթական կազմակերպությունների համագործակցության խորացումը։

Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Դմիտրի Շյոգոլևը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանին համագործակցության համար։ «Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կնպաստի ոչ միայն մեր երկու կազմակերպությունների, այլ նաև մեր երկու պետությունների միջև համագործակցության խորացմանը», - ասաց նա։

 

Աննա Ասատրյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը հայ արվեստագիտության գլխավոր կենտրոնն է, Հայաստանում միակ գիտական հաստատությունը, որի գործունեության գլխավոր ոլորտը հայ արվեստի գրեթե բոլոր տեսակների պատմության և տեսության հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ «Մենք կարևորում ենք ինստիտուտի միջազգային գիտական համագործակցությունը։ Այս համաձայնագրի ստորագրմամբ հիմք է դրվում սերտ և արդյունավետ համագործակցության։ Վստահ եմ, որ այն կդառնա հայ-ռուսական գիտական և գեղարվեստական բեղմնավոր կապերի ևս մեկ վառ դրսևորում և կնպաստի մեր ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը», - ասաց Աննա Ասատրյանը։

Համաձայնագրով կողմերը պայմանավորվեցին համագործակցել հետևյալ ուղղություններով՝ 

  • հետազոտողների փոխանակում արվեստի, ճարտարապետության, ճարտարապետական միջավայրի ձևավորման, ճարտարապետական և պատմամշակութային ժառանգության վերականգնման ոլորտներում 
  • մասնագիտական ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների իրականացում
  • համատեղ գիտական և գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացում
  • համատեղ մշակութային միջոցառումների և նախագծերի իրականացում
  • գիտական նյութերի, հրապարակումների, տեղեկատվության փոխանակում
  • համատեղ հրապարակումներ:

Հանդիպման ժամանակ զեկուցումներով հանդես եկան Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչ, համալսարանի գլխավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աննա Գելֆոնդը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի

վաստակավոր գործիչ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Տեր-Մինասյանը, Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերական դիզայնի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի դիզայներների միության միջազգային ասոցիացիայի անդամ Օլեգ Պրոխոժևը, համալսարանի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Դմիտրի Մոնիչը:

  
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.03.2023թ.