Նորություններ
20/03/2023
Մեկնարկել է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի։ Էմերալդ ցանցի ստեղծման առաջխաղացում և Էմերալդ տարածքների կառավարում» ծրագիրը

Սույն թվականի մարտի 17-ին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի։ Էմերալդ ցանցի ստեղծման առաջխաղացում և Էմերալդ տարածքների կառավարում» ծրագրի շահագրգիռ կողմերի և հանրության ներգրավման աշխատաժողովը: Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը: «Մեր ինստիտուտը հունական «ԿարտԷԿՈ» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է այս ծրագիրը` նպատակ ունենալով մեկ քայլ առաջ տանել Հայաստանում էմերալդ տարածքների հաստատման և Հայաստանում այս ցանցի առաջխաղացման գործընթացը: Շատ ենք կարևորում հանրության մասնակցությունն այս գործընթացներին, որովհետև այն բազմատարր է, բազմագործոն, և առջևում դեռ մեծ աշխատանք կա կատարելու»:

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Ցյուրքերն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանը, միանալով Բեռնի կոնվենցիային, պարտավորություն է ստանձնել Էմերալդ ցանցի ստեղծման վերաբերյալ: «Շատ խնդիրներ են առաջ եկել գործընթացի ընթացքում: Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է, որ բոլոր որոշումները լինեն գիտահեն»,- ասաց Տաթևիկ Ցյուրքերը:

ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին ներկայացրեց Եվրոպական միության և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նա նշեց, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատում են Հայաստանում Էմերալդ ցանցի տարածքների սահմանման և դրանց ստեղծման ուղղությամբ: Նա հավաստիացրեց, որ Եվրոպական հանձնաժողովը կանգնած է Հայաստանի կողքին, և շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտներում համատեղ ծրագրերը կլինեն շարունակական: 

Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի հարցով խորհրդատու Կարեն Աղաբաբյանը նշեց. «Էմերալդ տարածքները նախատեսվում է ստեղծել հողերի վրա, որտեղ մենք կարող ենք ունենալ պահպանվող տարածքներ, մասնավոր տարածքներ, համայնքային տարածքներ: Եվ դրանց կառավարումը նշանակում է, որ մենք պետք է հաշվի առնենք բոլորի շահերը: Հետևաբար, դրա իրականացումն ավելի բարդ է դառնում, բայց միևնույն ժամանակ՝ ավելի հետաքրքիր»:

Ծրագրի՝ Բուսաբանության ինստիտուտի կողմից համակարգող, ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը նշեց, որ ծրագրի արդյունքում հաստատման է ներկայացվելու Հայաստանի Էմերալդ թեկնածու տարածքների վերջնական ցանկը, մշակվելու է գործողությունների ազգային պլան, մշակվելու են ուղեցույցներ Էմերալդ թեկնածու տարածքների կառավարման պլանների կազմման համար և երկու էմերալդ տարածքների համար: Հիմնվելով այս ուղեցույցների վրա՝ մշակվելու են փորձնական կառավարման պլաններ: 

Այնուհետև, «Հայաստանում կենսաբազմազանության պահպանության բարձրացումը: Թվինինգ ծրագրի արդյունքների և առաջարկությունների համառոտ ակնարկը» ներկայացրեց «Կենսաբազմազանությունը Հայաստանում» Թվինինգ ծրագրի խորհրդատու Ջինդրիկ Չլապեկը, «Նատուրա 2000 ցանցը Հունաստանում։ Միտումները և կառավարումը» և «LIFE IP4-ն Նատուրա 2000 ցանցի համար» թեմաների շուրջ զեկուցումներով հանդես եկավ Հունաստանի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության գործակալության տնօրեն Իոաննիս Միցոպուլոսը, «Թեկնածու Էմերալդ տարածքների ներկայիս վիճակը և հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը:

Զեկուցումներից հետո ծավալվեց քննարկում աշխատաժողովի մասնակիցների միջև:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.03.2023թ.

Լուսանկարներ